Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին օրերս հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնելու նպատակով ջրի մղման 3 կայանների միջոցով Հայաստանի Սեւանա լճից ու Վրաստանի Կուր գետից ջուր ներկրել, եւ այդ մասին ՀՀ-ի ու Վրաստանի հետ համապատասխան համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է:
Իհարկե, Ուրմիա լճի վերականգնման համար Հայաստանից եւ Վրաստանից ջուր տարանցելու ծրագրի մասին խոսակցությունները նոր չեն. նման նախագիծ քննարկվել է դեռ մեկ տասնամյակ առաջ, սակայն գործը քննարկումներից այն կողմ չի անցել նախ եւ առաջ այդ ծրագրի աննպատակահարմարության պատճառով:
Չի բացառվում, որ այս անգամ եւս խոսքն ընդամենը իրանցի պատգամավորի հնչեցրած ցանկության կամ ենթադրության մասին է, սակայն պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում նման լուրը մտահոգել է բազմաթիվ բնապահպանների, որոնք պատրաստվում են պարզաբանումներ պահանջել ՀՀ Կառավարությունից:
Մինչդեռ այս իրավիճակը ծայրահեղ աննորմալ է. նախ` այն առումով, որ մենք կարծես թե ունենք բնապահպանության նախարարություն կոչվող գերատեսչություն, որը պարտավոր է նման կարեւորագույն հարցերի շուրջ հանրությանը ներկայացնել հավաստի եւ լիարժեք տեղեկատվություն: Եվ այն, որ արդեն իսկ մամուլում աղմուկ հանած այս ահազանգից հետո նախարարությունը քար լռություն է պահպանում, կասկածի տեղիք է տալիս, որ այս տեղեկատվությունն անհիմն չէ:
Ոչ վաղ անցյալում, հիշեցնենք, նման մի համաձայնագիր էր կնքվել դարձյալ Իրանի հետ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանական կողմին երկարաժամկետ վարձակալության տալու մասին: Սակայն Սյունիքի մարզպետի մակարդակով ստորագրված այդ համաձայնագրի վերաբերյալ հաջորդող ամիսների ընթացքում հանրությանը որեւէ տեղեկատվություն չէր ներկայացվել, եւ այն ժամանակ էլ բնապահպանության նախարարությունը նախ` տեւական ժամանակ լռում էր, ապա, երբ արդեն հրապարակվեց բուն համաձայնագիրը, դրա գոյությունը հերքելու անհեթեթ ջանքեր էր գործադրում:
Ուստի այսպիսի իշխանությունների պարագայում ամենեւին չի բացառվում, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ իրոք կնքված լինի նման համաձայնագիր` առանց հանրային քննարկումների եւ համապատասխան իրազեկման: Եվ այն, որ Սեւանա լիճը համարվում է ազգային հարստություն եւ պահպանվում է օրենքով, ամենեւին չի երաշխավորում դրա անձեռնմխելիությունը: Ի վերջո, Սեւանի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություններն առաջին անգամ չէ, որ իրականացվում են ՀՀ իշխանությունների (ընդ որում, բոլոր ժամանակների) կողմից, եւ միանգամայն անպատիժ կերպով: Հետեւաբար Սեւանի նկատմամբ այս հերթական ոտնձգությունը կանխելու նպատակով պետք է գործադրել առավելագույն հանրային ճնշում, անգամ եթե ներկայացված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Ինչպես ասում են` կանխարգելիչ նպատակով: