Իշխանությունը չեզոքացրել է քաղաքացիական ընդվզման հնարավորությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձագանքելով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե Կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը երեկ ահազանգել է, որ դա կբերի շղթայական թանկացումների եւ կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ եւ, եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն եւ շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար»,-զգուշացրել են նախաձեռնությունից:

Իհարկե, կասկածից դուրս է, որ այս դեպքում թանկացումներն անխուսափելի են լինելու, սակայն մյուս կողմից էլ՝ Կառավարությունը մեկ ամիս շարունակ փնտրտուքների մեջ էր եւ չէր կարողանում Սերժ Սարգսյանի տված խոստման տակից դուրս գալու լուծում գտնել: Ուստի որեւէ մեկը չպետք է սպասեր, որ Կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել նաեւ տնտեսվարողներին: Ասել է թե` այս միանգամայն սպասելի որոշմանը հակադարձելով` նախաձեռնությունը եւս մեկ անգամ փաստում է, որ այլեւս պրոցեսներ ձեւավորողից վերածվել է այդ պրոցեսներին պոստֆակտում արձագանքողի:

Իսկ թե որքանով են այդ արձագանքներում իշխանությունների հասցեին առկա զգուշացումներն ազդեցիկ, այլեւս մեծ հարցականի տակ է, քանի որ այսօր արդեն էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական հատվածն այն աստիճան է պառակտվել եւ ամենատարբեր` քաղաքական եւ հասարակական անհաջողակներով համալրվել, որ հանրությունն այլեւս չի հասկանում, թե ով ինչի դեմ կամ ինչի համար է պայքարում:

Դեռ հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին»-ը որոշեց ազատել Բաղրամյան պողոտան` ընդունելի համարելով Ս. Սարգսյանի` աուդիտի մասին առաջարկը, առիթ ունեցել ենք գրելու, որ շատ շուտով թե՛ Բաղրամյանում մնացողները եւ թե՛ «Ո՛չ թալանին»-ը կորցնելու են իրենց հնչեցրած պահանջներին տեր կանգնելու այն մեծ հանրային, ինչու ոչ` նաեւ քաղաքական ռեսուրսը, որը չափազանց կարեւոր էր լինելու աուդիտի անցկացման գործընթացը վերահսկելու եւ իշխանությունների վրա ճնշումը չթուլացնելու համար:

Ցավոք, այսօր արդեն ականատեսն ենք այդ ռեսուրսի ամբողջական փոշիացման, այն դեպքում, երբ աուդիտն անգամ չի էլ սկսվել: Թե՛ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներսում տեղի ունեցած հակասական գործընթացները, այդ թվում` Վաղինակ Շուշանյանի հեռանալը, թե՛ նրանց զուգահեռ գործող «Ոտքի՛, Հայաստան» շարժման այդպես էլ չհասունացող պահվածքը ցույց են տալիս, որ այս փուլում իշխանությանը հաջողվել է չեզոքացնել քաղաքացիական ընդվզման հնարավորությունը, եւ նրանց ուղղված «խելքները գլուխները հավաքելու» եւ «դասեր քաղելու» հորդորները կարող են միայն վերջիններիս ժպիտը հարուցել: Իսկ դասեր քաղել հիմա պետք է հենց իրենց` ակտիվիստներին:




Լրահոս