
Ընտանիքով Արցախ տեղափոխված ռուս միլիոնատեր Գերման Ստերլիգովի հանդեպ այս պահին ոչ մի քրեական գործ չի հարուցվել: Այս մասին «Լուրերի ռուսական ծառայությանը» հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից` հերքելով գործարարի հանդեպ քրեական հետապնդման մասին հայտնված տեղեկությունները:
«Վերոնշյալ քաղաքացու հանդեպ քրեական գործ չի հարուցվել»,-նշել են ՌԴ Քննչական Կոմիտեից:
Տեղեկացնենք, որ այժմ Ստերլիգովը գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նրա կինը` Ալյոնա Ստերլիգովան, ավելի վաղ պատմել էր, որ չի կարող վերադառնալ Ռուսաստան այն պատճառով, որ Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:
«Հայ սահմանապահները հայտնել են, որ նրան կարող են ձերբակալել հենց սահմանին»,-պատմել է Ստերլիգովան:
Հիշեցնենք, որ ռուս էքսցենտրիկ գործարար Գերման Ստերլիգովը հուլիսի 4-ին լքել էր Ռուսաստանը և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ստերլիգովի հանդեպ քրեական գործ է հարուցել Ղարաբաղը հայկական հող անվանելու հայտարարությունից հետո: