Երբ հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը, տեղի տալով Բաղրամյան պողոտան արդեն չորս օր փակած ցուցարարների պահանջին, հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվել է` «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման վերաբերյալ նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար, փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ», ցուցարարների զգալի մասը դա որակեց որպես ոչինչ չտվող խոստում, որի իրական նպատակը ժամանակ շահելն է:
Մինչդեռ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները դա համարեցին քայլ առաջ եւ հայտարարեցին, որ անհրաժեշտ է մտածել պայքարի հաջորդ փուլի մասին` հաշվի առնելով նաեւ իշխանության այս առաջարկը:
Հաջորդող օրերին հնչեցին ամենատարբեր մեկնաբանություններ, գնահատականներ, կանխատեսումներ, թե իբր այդ աուդիտը որեւէ հարցի պատասխան չի տա, եւ ավելին` այն առհասարակ չի կայանա: Նախօրեին, սակայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կմեկնարկի միջազգային աուդիտը, եւ հանրությունը հնարավորություն կունենա ստանալ իր հարցերի պատասխանները: «Եթե ՀԷՑ-ում թալան կա, թող աուդիտ արվի, եւ թող թալանի մասնակիցները պատասխանատվության ենթարկվեն», – ասել է վարչապետը:
Այսպիսով` ինչքան էլ թերահավատ լինենք անցկացվելիք աուդիտի անաչառության հարցում, փաստն այն է, որ իշխանություններն իրենց խոստումից հետ չեն կանգնել. գուցեեւ ձեւական, սակայն աուդիտ լինելու է: Իսկ որպեսզի այն ձեւական չլինի, եւ դրա ընթացքում իրապես ուսումնասիրվեն ՀԷՑ-ի մութ գործարքները, անհրաժեշտ է քաղաքացիական ակտիվիստների եւ փորձագետների ներգրավվածությունը, ինչի առաջարկն, ինչպես արդեն վերեւում նշվեց, արել էր Սերժ Սարգսյանը:
Սակայն ուր են այսօր այդ նույն ակտիվիստները, արդյոք անցնող մեկուկես ամսվա ընթացքում նրանք ձեւավորել են համապատասխան մասնագիտական խումբ եւ դիմել են Կառավարությանը` այդ խումբը աուդիտի աշխատանքներում ներգրավելու պահանջով:
Որքան էլ տխուր է, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի արվել, դրա փոխարեն անցած ժամանակահատվածում քաղաքացիական ակտիվիստները զբաղված էին միմյանց միջեւ հարցեր պարզելով, միմյանց պիտակավորելով եւ ինքնապառակտվելով: Այնինչ, եթե նրանց իրական գերխնդիրը ՀԷՑ-ում առկա չարաշահումների բացահայտումն էր եւ դրա միջոցով սակագնի բարձրացման որոշման չեղարկումը, ապա նրանք պետք է Կառավարությանն օր ու գիշեր հանգիստ չտային` հարցապնդելով, թե ինչ եղավ աուդիտը:
Իսկ գուցե ի սկզբանե իշխանության առաջարկը մերժելը ավելի հե՞շտ է: