Ռուսաստանում և ԱՊՀ-ում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն, հրապարակել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները, ներառյալ՝ ընկերության արտասահմանյան դուստր ձեռնարկությունների հիմնական ֆինանսական արդյունքները:
ՄՏՍ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. երկրորդ եռամսյակում գործունեության արդյունքում, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է նախատեսված ֆինանսական և գործառնական հիմնական ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 18,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 9,2% աճ), իսկ գործառնական շահույթը մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 8,5 միլիարդ դրամ (ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցելով 4,2 % աճ):
Ներկայացված հաշվետվությամբ արձանագրվում է, որ եկամուտների ընդհանուր միտումը նաև սմարթֆոնների տարածման և բաժանորդների՝ տվյալների փոխանցման սակագնային պլանների անցման շնորհիվ՝ այդ ծառայություններից օգտվելու շնորհիվ ստացվող եկամուտների աճի արդյունք է: Եռամսյակային եկամուտների աճը պայմանավորված է սեզոնային գործոններով. առաջինի համեմատ՝ երկրորդ եռամսյակում ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական հասույթի (ARPU) ցուցանիշն աճել է 10,5% (2,836 դրամ՝ 2,565 դրամի համեմատ): Ցուցանիշի եռամսյակային աճը համապատասխանում է սեզոնային կանխատեսելի միտումներին, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակահատվածում ռոումինգ ծառայությունների օգտագործման ծավալների աճով:
Երկրորդ եռամսյակի ընթացքում ծառայությունների վաճառքից մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOU) ցուցանիշը, որը կազմել է 536 րոպե, առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 8,7%-ով (առաջին եռամսյակում կազմելով 493 րոպե): Այս ցուցանիշի տարեցտարի արձանագրվող աճը ՄՏՍ ընկերության՝ ձայնային ծառայությունների օգտվելու խթանմանն ուղղված ջանքերի արդյունք է:
2015թ. հունիսի 30-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը գերազանցել է 2,1 միլիոնի ցուցանիշը: