ՖՈՏՈ. Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքները: Հաճախ դրանք մեծ ջանք, եռանդ, ուժ և կամք են պահանջում, բայց գործընկեր կազմակերպությունները ավարտին են հասցնում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Բավականին բարդ պայմաններում՝ 2020թ․-ի աշնանն են իրականացվել նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքները։

Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին փռված՝ համանուն գյուղի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով: Տեղադրված ԼԵԴ լուսարձակները թույլ են տալիս խնայել ռեսուրսները, համայնքային բյուջեի միջոցների մի մասն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը և գիշերային ժամերին կանխել վայրի կենդանիների հնարավոր մուտքը: Ծրագիրն ունի նաև բնապահպանական բաղադրիչ:

2020թ․-ի ընթացքում, Եղեգիս համայնքում տեղադրվել է 41 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1․5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Աշխատանքները չեն դադարել նաև ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: Նախատեսվում է մինչև տարեվերջ, 1․9 կմ երկարությամբ ճանապարհահատված լուսավորելու համար, տեղադրել ևս 50 ԼԵԴ լուսարձակ: Աշխատանքների ավարտից հետո, «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Եղեգիսը գրեթե 90 տոկոսով լուսավորված կլինի:

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և այլք:

«Մինչև տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը: Դա պատիվ է մեզ համար: Իսկ առհասարակ, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Դա բխում է մեր ընտրած կառավարման մոդելի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակներից: Նման ծրագրերը կարևոր են և՛ երկրի համաչափ զարգացման, և՛ բնության ռեսուրսները խնայողաբար սպառելու տեսանկյունից: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դրա համար մեզանից պահանջվել է ճկուն կառավարում, ներդրումներ, համակարգված աշխատանք և համբերություն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանն ու համայնքային զարգացմանը նպաստելու համար:




Լրահոս