Անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկողներից մեկը նախկին ոստիկանապետի եղբա՞յրն է. Վանիկ Թանգամյանը՝ որդու մասնակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, այսօր գիշեր՝ ժամը 03:00-ի սահմաններում, Երևանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել: 7 երիտասարդ դաժան ծեծի է ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Վերջինս պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել  Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Տոտո» գրասենյակի առջև:

Շրջանառվող լուրերի համաձայն, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է: Լրատվամիջոցների հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է «Պանտեռա» անվտանգության ծառայության հիմնադիր-տնօրեն Վահե Դարբինյանը:

Armlur.am-ը զրուցեց Վանիկ Թանգամյանի հետ, ով կտրականապես հերքեց որդու մասնակցությունը նշված միջադեպին: Ավելին, նրա խոսքով, ինքը որդի չունի. «Ես որդի չունեմ, եղբայր կարող ա ունենամ, որդի չունեմ: Ազգանունս «Թանգ»-ա, դրա համար էլ անունս անընդհատ շոշափվում ա»:

Armlur.am-ի ճշտող հարցին՝ այդուհանդերձ, Վահե Դարբինյանը հաստատել է այդ տեղեկությունը, Վանիկ Թանգանյանը պատասխանեց. «Նա Թանգամյան Հարություն Երջանիկի, ես Թանգամյան Վանիկ Երջանիկի, դա եղավ իմ տղե՞ն»:

Հարցին՝ ստացվում է, որ իր եղբայրն է, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ, ասեցի արդեն, պիտի հասկանաք»:




Լրահոս