Անվտանգության աշխատակցի ծեծը նախկինում չլուծված խնդիրների՞ արդյունքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 21-ի գիշերը Երևանում հերթական ծեծկռտուքն էր տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ 7 երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին:

Վերջինս պահպանել է մի շարք հայտնի անձանց անվտանգությունը Հայաստան այցի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Տոտո» գրասենյակի առջև: Վարազդատն այնտեղ պետք է ծառայություն անցկացներ: Իսկ ծեծկռտուքն առաջացել է վիճաբանության հետևանքով:

Սկզբում խոսվում էր այն մասին, որ անվտանգության աշխատակցի ծեծը կապված է Վրաստանում ունեցած ինչ-ինչ տարաձայնությունների հետ: Ասել կուզի՝ այնտեղ կիսատ թողած, չպարզաբանված հաշիվները որոշեցին լուծել Հայաստանում: Այս վարկածը, սակայն, դեռևս պաշտոնապես ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է:

Դեպքից անմիջապես հետո լուրեր շրջանառվեցին, թե ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է: Լրատվամիջոցների հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել էր հենց «Պանտերա» անվտանգության ծառայության հիմնադիր-տնօրեն Վահե Դարբինյանը: Թեպետ վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում հերքել էր այս լուրերը՝ հայտարարելով, որ ինքը նման անունով որդի չունի:

Այդուհանդերձ, հարուցված քրեական գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում, որտեղից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով անհապաղ իրականացվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ. «Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվում մի խումբ անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ: Նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով՝ նախաքննության այս փուլում քրեական գործին վերաբերող այլ տեղեկություններ հրապարակել չենք կարող:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է գրավոր պատասխանում:

Ի դեպ, նշենք, որ Խոցանյանի հարազատները հայտնել էին, որ նրա հետ հոգեբաններ են աշխատում, քանի որ դեպքից հետո Վարազդատն առողջական խնդիրներ է ձեռք բերել:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ Վ. Խոցանյանը Վրաստանի քաղաքացի է: Նա հաշվառված է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Գյուղում լուրեր են շրջանառվում, թե նա տարիներ առաջ է այնտեղ գրանցում ստացել, որպեսզի հետագայում կարողանա անխափան Ռուսաստանի Դաշնություն մեկնել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ Վարազդատի բոլոր հարազատները գտնվում են Վրաստանի Հանրապետությունում:




Լրահոս