Անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով ինքնախոստովանական ցուցմունք է տվել նախկին ոստիկանապետի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ երեկ գիշեր «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու գործով ոստիկանություն է ներկայացել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին՝ Հարություն Թանգամյանը: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը երեկ մեզ հետ զրույցում կտրականապես հերքում էր որդու մասնակցությունը ծեծին՝ ասելով, որ ինքը որդի չունի, սակայն Հարություն Երջանիկի Թանգամյան անուն-ազգանունով եղբայր ունի:

Այս անհամապատասխանության հետ կապված Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Վանիկ Թանգամյանից, վերջինս, սակայն, իմանալով, որ զանգահարողը լրագրող է՝ ասաց. «Շնորհակալություն, ցտեսություն» և անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ըստ նախնական տեղեկությունների՝ 7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Վերջինս այս պահին գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Նրան վաղը կվիրահատեն, վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ:

 




Լրահոս