Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակվել է Արտակ Բուդաղյանի մասով դատական վճիռը: Ինչպես Armlur.am-ին հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը, դատարանը մեղավոր է ճանաչել Արտակ Բուդաղյանին և դատապարտվել 120 հազար դրամ տուգանքի: Փաստաբանի փոխանցմամբ, դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով,որ 2013 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել՝ նպատակ ունենալով վախեցնել մարզպետին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը` ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: