ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՇՈՏԵԼ Է
Մեքսիկայի Սոնորա նահանգի քաղաքներից մեկի կրկեսում ելույթի ժամանակ վագրը հարձակվել է իրեն վարժեցնողի վրա: Վերջինս կրկեսի բեմում է գտնվել երկու վագրերի հետ: Հանկարծ  կենդանիներից մեկը դուրս է եկել վերահսկողությունից եւ նետվել արտիստի վրա: Վագրն ամբողջությամբ հոշոտել է վարժեցնողին: Կրկեսի մյուս աշխատողները վազել են օգնության, սակայն ապարդյուն: Վարժեցնողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԵԼ Է
«Չինաստանում 101-ամյա կինը «վերակենդանացել» է իր թաղման ժամանակ»,-հայտնում է Life News-ը: Չինուհին մահացած էր համարվում հունվարի 19-ից: Դրանից 10 օր առաջ կինն ընկել եւ վնասվել էր, որից հետո նրա 2 աղջիկները տեղափոխվել էին մոր հետ ապրելու: Մի օր հարազատները չեն կարողացել լսել կնոջ զարկերակը եւ որոշել են, որ նա մահացել է: Հուղարկավորության արարողակարգի ավարտից հետո պատանքի մեջ փաթաթված կինն արթնացել է այն պահին, երբ նրա մարմինը պատրաստվում էին փակել դագաղի մեջ:

«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը՝ 5 ՏԱՐԵԿԱՆ
Աշխարհի ամենատարածված սոցցանցը` «Ֆեյսբուք»-ը, նշում է իր 5-ամյակը համաշխարհային շուկայում: Այն սկզբնապես նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ հիմա էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել եւ օգտվել «Ֆեյսբուք»-ից: Սոցցանցի հիմնադիրը Հարվարդի համալսարանի ուսանողներից մեկն է՝ Մարկ Ցուկերբերգը: 2012-ի տվյալներով՝ «Ֆեյսբուք»-ն ունի 900 մլն օգտատեր, այդ թվում՝ շուրջ 304,000 օգտատեր Հայաստանից:

ԿԱՆԽՎԵԼ Է
«Փետրվարի 3-ին կանխվել է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի նկատմամբ մահափորձը: Թագուհու լոնդոնյան նստավայր Բուքինգհեմյան պալատի մոտ գիշերը ձերբակալվել է 2 դանակով եւ ատրճանակով զինված մարդ»,-գրում է անգլիական Express պարբերականը:  Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը եւ նրա ամուսինը` արքայազն Ֆիլիպը, դեպքի պահին դղյակում չեն եղել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս