Սահմանադրական փոփոխությունների անգաղափար գաղափարը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, շատերը հայտարարեցին, որ դա կեղծ օրակարգ է, որը նա ներմուծել է՝ քաղաքական զարգացումներն իր ցանկալի հունով ուղղորդելու նպատակով: Այն, որ դա իրոք այդպես էր, պարզ դարձավ այս տարվա փետրվարին, երբ օգտագործելով սահմանադրական փոփոխություններին ԲՀԿ-ի դեմ լինելու հանգամանքը՝ Սարգսյանը մի ելույթով կազմաքանդեց այդ քաղաքական ուժը, ապա եւ ընդդիմադիր եռյակը:

Եւ այսօր, չնայած երկրում առկա բազմաթիվ կարեւորագույն, անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրներին, բոլորի ուշադրության կենտրոնում նոր Սահմանադրությունն է. այն կյանքի կոչելու կամ տապալելու գաղափարը, նայած թե որ ճամբարից դիտարկենք: Եվ, բնականաբար, թե՛ մեկ, թե՛ մյուս թեւը այդ կեղծ օրակարգը իրագործելու կամ ձախողելու նպատակով հսկայական ռեսուրսներ են ծախսելու, ռեսուրսներ, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում ծախսելու հազար ու մի այլ՝ շատ ավելի կարեւոր տեղեր կան:

Առհասարակ, հատկապես վերջին տարիներին գործող իշխանությունների միտքն այն աստիճան է լճացել եւ կենտրոնացել օրվա խնդիրներին կարճաժամկետ լուծումներ տալու վրա, որ նրանց կողմից այլեւս որեւէ ստեղծագործ, ապագային միտված գաղափար կամ տեսլական չի առաջարկվում: Մինչդեռ նախկինում թեկուզ եւ անիրագործելի, սակայն որոշ նպատակակետեր, թիրախներ սահմանվում էին, եւ իշխանությունները գոնե ձեւացնում էին, որ հետամուտ են դրանց իրագործմանը: Հիշենք, օրինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից Գյումրիում տեխնոպարկ բացելու կամ էլ Դիլիջանը միջազգային բանկային կենտրոնի վերածելու ծրագրերը: Դա նրան, իհարկե, չհաջողվեց, բայց գոնե նպատակը, դրված խնդիրը ողջունելի էր, եւ հանրության մեջ որոշակի ակնկալիքներ էր ձեւավորում, իսկ իշխանությունների մոտ էլ՝ այդ ակնկալիքները իրագործելուն ուղղված պարտավորվածություն:

Այս առումով հիշարժան է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից 40 հազար աշխատատեղեր բացելու ծրագիրը: Եվ դարձյալ երկու տարի շարունակ բազմաթիվ կեղծ ՍՊԸ-ներ գրանցվեցին, որոնցում բացվեցին տասնյակ, հարյուրավոր կեղծ աշխատատեղեր, իսկ Քոչարյանն էլ մկրատը ձեռքն առած՝ ամեն շաբաթ տարբեր կարմիր ժապավեններ էր կտրում, եւ եթե խոստացված 40 հազարի մեծ մասը բլեֆ էր, այնուամենայնիվ, մի զգալի մասն էլ իրական էր, եւ այդ երկու տարիներին գոնե առկա էր պոզիտիվ մտածողություն եւ հանրային սպասում:

Մինչդեռ հիմա հայաստանցին չգիտի, թե ինչ է իր հետ լինելու, օրինակ, երկու տարի հետո. Կառավարությունը նրան ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի խոստանում: Այսօր Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի վարչակարգի կողմից հայաստանցիներին առաջարկվող գաղափարը Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելն է, իսկ դա, մեղմ ասած, ոգեւորող գաղափար չէ:




Լրահոս