ՀՀ-ում ոչ մի վարչակարգ քաղաքացիներին հաշվետու չի լինում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից՝ օգոստոսի 31-ին, կլրանա հայ-թուրքական արձանագրությունների hրապարակման վեցերորդ տարելիցը: Ձախողված այս գործընթացի մեկնարկին ՀՀԿ-ականները ոգեւորված հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, եւ շուտով Հայաստանի քաղաքացիները կզգան դրա արդյունքները: Այս հարցում ՀՀԿ-ականները չէին սխալվում. Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության ադյունքներն իրոք որ ՀՀ քաղաքացիները շատ շուտով զգացին, սակայն, ցավոք, դրանք բացառապես բացասական եւ Հայաստանի պետական ու ազգային շահերին սպառնացող արդյունքներ էին: Այսօր՝ այդ ամենից 6 տարի անց, արդեն իսկ բոլորի համար էլ հստակ է, որ հայ-թուրքական գործընթացը ի սկզբանե իրագործման ոչ մի շանս չուներ, եւ միայն կարճատես քաղաքական գործիչը կարող էր հավատալ, որ հնարավոր է հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ երրորդ երկրների ճնշման արդյունքում:

Իսկ գրանցված արդյունքների շարքում կարելի է նշել ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վիժեցումը (մի բան, որը գրեթե անխուսափելի պիտի լիներ, եթե չլինեին հայ-թուրքական արձանագրությունները), այնպես էլ ռուս-թուրքական եւ ադրբեջանառուսական հարաբերությունների էլ ավելի սերտացումը: Դե, իսկ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների տակ Հայաստանի Հանրապետության ստորագրությունը դնելով՝ Կարսի խայտառակ պայմանագրի ընդունումն ու հայ-թուրքական ներկայիս սահմանի ճանաչումը դարձան այնպիսի վտանգավոր նախադեպ, որը, անկասկած, հետագայում օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ:

Սակայն մինչ օրս իշխանությունները որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն ներկայացրել հանրությանը, չեն պարզաբանել, թե ինչու այդպես ստացվեց: Այս եւ այլ ծրագրերի ձախողումից առավել վտանգավոր է հենց այս վարքագիծը, այն, որ իշխանությունները երբեք հաշվետու չեն հանրությանը: Օրինակ՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա գոնե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մինչ օրս հարկ չեն համարել թեկուզ Հանրային հեռուստաընկերությամբ կամ որեւէ այլ լրատվամիջոցով դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ներկայացնել գործընթացի ձախողման պատճառները եւ իրենց հետագա քայլերը:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ընդհանրապես ծայրահեղ հազվադեպ է հայկական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալիս կամ ուղերձով դիմում հանրությանը, եւ սրա պատճառն, անկասկած, այն է, որ նա իրեն չի համարում ժողովրդի կողմից ընտրված: Մինչդեռ եթե որեւէ հարցում ձախողվել է, միեւնույն է, ընտրված իշխանությունը փորձում է բացատրել, թե ինչ հանգամանքների, ինչ գործոնների պատճառով է տեղի ունեցել այդ ձախողումը:

Մինչդեռ ՀՀ-ում նման մշակույթ գոյություն չունի: Մեր երկրում ոչ մի վարչակարգ հարկ չի համարել ժողովրդին հաշվտու լինել, քանի որ գիտակցել է, որ իր իշխանությունը կախված չէ ոչ թե այդ ժողովրդից, այլ փողից ու զոռբայությունից:




Լրահոս