Դեռեւս փետրվարին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատում են առանձին-առանձին: «ժողովուրդ»-ը պարզել է, որ հանձնաժողովի անդամների առանձին գործունեության պատճառով իսկական խառնաշփոթ է ստեղծվել, ինչի մասին անթաքույց խոսում են նաեւ իշխանական կուլիսներում:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրության փոփոխության մասնագիտական հանձնաժողովի անդամները բաժանվել են «թեւերի» ու սկսել են աշխատել միմյանցից անկախ: Նշվում է, որ այժմ թիմերի «դասավորությունը» հետեւյալն է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆալուկտետի դեկան Գագիկ Ղազինյանն աշխատում են միասին, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու իրավաբան Վարդան Պետրոսյանը միասին, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու Սահմանադրական դատարանի խորհրդական, նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ՝ առանձին-առանձին:
Ու սա է է պատճառը, որ այսօր նոր Սահմանադրության նախագծում իսկական խառնաշփոթ է ստեղծվել, որի պատճառով նախագծում շատ մտքեր մեկը մյուսի հետ չեն «բռնում»: Նրանք նաեւ կտրականապես հրաժարվել են միմյանց հետ քննարկել իրենց կողմից գրած հոդվածներն ու դրույթները:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, սակայն նրանց մեծ մասը հեռախոսազանգերին չէր պատասխանում: Միայն Սահմանադրական դատարանի խորհրդական, նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին պատասխանեց:
–Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ինչո՞ւ մեկը մյուսի հետ խորհրդակցելով, քննարկելով չեն աշխատել Սահմանադրության նախագծի ստեղծման համար: Մասնագիտական հանձնաժողովի անդամների միջեւ տարաձայնություննե՞ր կան:
-Պետք չէ այդ հարցի պատասխանն ունենալու համար հարցը ուղղել կոնկրետ ինձ կամ որեւէ այլ մեկի, այլ կարող եք վերցնել մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային սղագրություններն ու ինքներդ կհամոզվեք, որ Ձեր հարցն ուղղակի իրականությունից շատ հեռու է:
Անհասկանալի է, թե ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը: Հանձնաժողովն աշխատել է համատեղ, ու օր է եղել, որ 8 ժամ մենք միասին աշխատել ենք: Եթե եղել են տարաձայնություններ, դրանք անպայման քննարկվել են հանձնաժողովում, այսինքն՝ տարաձայնություններ ինչ-որ մի հարցի հետ կապված: Մենք անպայման նման դեպքերում քննարկումներ ենք իրականացրել: Ու ես այստեղ որեւէ ռեալ բան չեմ տեսնում Ձեր հարցի կամ, չգիտեմ, տարածված տեղեկություններում, դրանք իրական չեն, անգամ տրամաբանությամբ նման բան չի կարող լինել:
–Նշվում է, որ այս ժամանակահատվածում, օրինակ, Դուք աշխատել եք միայնակ, որեւէ մեկի հետ չեք քննարկել Ձեր անելիքները: Ու նաեւ այդ պատճառով է, որ Սահմանադրության նոր նախագծում իսկական խառնաշփոթ է ստեղծվել:
-Դե, ես դա եմ ասում. այդտեղ որեւէ տրամաբանություն չկա, Դուք կարող եք նայել մեր աշխատանքների սղագրությունները: Նման բան չէր կարող տեղի ունենալ:
Անտրամաբանական եզրակացություն է, եթե միասին չաշխատեինք, նախագիծը չէր լինելու: Ես կրկնում եմ, որ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները: Այսքանը, շնորհակալ եմ: Ես արդեն ամեն ինչ ասացի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ