ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ «ԹԵՎԵՐԻ» ՈՒ ԱՇԽԱՏԵԼ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատում են առանձին-առանձին: «ժողովուրդ»-ը պարզել է, որ հանձնաժողովի անդամների առանձին գործունեության պատճառով իսկական խառնաշփոթ է ստեղծվել, ինչի մասին անթաքույց խոսում են նաեւ իշխանական կուլիսներում:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրության փոփոխության մասնագիտական հանձնաժողովի անդամները բաժանվել են «թեւերի» ու սկսել են աշխատել միմյանցից անկախ: Նշվում է, որ այժմ թիմերի «դասավորությունը» հետեւյալն է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆալուկտետի դեկան Գագիկ Ղազինյանն աշխատում են միասին, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու իրավաբան Վարդան Պետրոսյանը միասին, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու Սահմանադրական դատարանի խորհրդական, նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ՝ առանձին-առանձին:
Ու սա է պատճառը, որ այսօր նոր Սահմանադրության նախագծում իսկական խառնաշփոթ է ստեղծվել, որի պատճառով նախագծում շատ մտքեր մեկը մյուսի հետ չեն «բռնում»: Նրանք նաեւ կտրականապես հրաժարվել են միմյանց հետ քննարկել իրենց կողմից գրած հոդվածներն ու դրույթները:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ, սակայն նրանց մեծ մասը հեռախոսազանգերին չէր պատասխանում: Միայն Սահմանադրական դատարանի խորհրդական, նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին պատասխանեց:
-Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ինչո՞ւ մեկը մյուսի հետ խորհրդակցելով, քննարկելով չեն աշխատել Սահմանադրության նախագծի ստեղծման համար: Մասնագիտական հանձնաժողովի անդամների միջեւ տարաձայնություննե՞ր կան:
-Պետք չէ այդ հարցի պատասխանն ունենալու համար հարցը ուղղել կոնկրետ ինձ կամ որեւէ այլ մեկի, այլ կարող եք վերցնել մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային սղագրություններն ու ինքներդ կհամոզվեք, որ Ձեր հարցն ուղղակի իրականությունից շատ հեռու է: Անհասկանալի է, թե ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը: Հանձնաժողովն աշխատել է համատեղ, ու օր է եղել, որ 8 ժամ մենք միասին աշխատել ենք: Եթե եղել են տարաձայնություններ, դրանք անպայման քննարկվել են հանձնաժողովում, այսինքն՝ տարաձայնություններ ինչ-որ մի հարցի հետ կապված: Մենք անպայման նման դեպքերում քննարկումներ ենք իրականացրել: Ու ես այստեղ որեւէ ռեալ բան չեմ տեսնում Ձեր հարցի կամ, չգիտեմ, տարածված տեղեկություններում, դրանք իրական չեն, անգամ տրամաբանությամբ նման բան չի կարող լինել:
-Նշվում է, որ այս ժամանակահատվածում, օրինակ, Դուք աշխատել եք միայնակ, որեւէ մեկի հետ չեք քննարկել Ձեր անելիքները: Ու նաեւ այդ պատճառով է, որ Սահմանադրության նոր նախագծում իսկական խառնաշփոթ է ստեղծվել:
-Դե, ես դա եմ ասում. այդտեղ որեւէ տրամաբանություն չկա, Դուք կարող եք նայել մեր աշխատանքների սղագրությունները: Նման բան չէր կարող տեղի ունենալ: Անտրամաբանական եզրակացություն է, եթե միասին չաշխատեինք, նախագիծը չէր լինելու: Ես կրկնում եմ, որ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները: Այսքանը, շնորհակալ եմ: Ես արդեն ամեն ինչ ասացի:

 

 

 

 
ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԽՈՍԵՑԻՆ, ՀՅԴ-ՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու քարտուղար Աղվան Վարդանյանը, ի վերջո, խոսեցին նոր Սահմանադրության նախագծի մասին: Պարզվում է՝ նոր Սահմանադրության նախագիծը 90-95 տոկոս համապատասխանում է ՀՅԴ-ականների պատկերացումներին: Ուշագրավն այն է, որ նոր Սահմանադրության նախագծի մասին խոսում են այն պատգամավորները, որոնք դեռեւս ամիսներ առաջ հայտարարում էին, թե ՀՅԴ-ում «սահմանադրագետը» պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, քանի որ ինքն է «զբաղվում» նոր նախագծի աշխատանքներով: Այսօր Մինասյանն «անհետացել» է. նա այլեւս չի խոսում: Հասկանալի է, որ ՀՅԴ-ում իրավիճակ է փոխվել:

«Մենք կարող ենք հայտարարել, իբրեւ քաղաքական մտածողություն, իբրեւ քաղաքական ուժ, որը իր պատկերացումներն ունի երկրի ապագայի հանդեպ, մեր տեսակետները, մեր մոտեցումները հաղթանակել են՝ չունենալով իշխանություն, չլինելով իշխանության մեջ, պառլամենտում ունենալով ընդամենը հինգ պատգամավոր: Այսօր երկիրը այս Սահմանադրությամբ գնալու է այն ուղղությամբ, որը մենք գծել էին, որը մենք պատկերացնում ենք: Որեւէ քաղաքական ուժի համար, ես կարծում եմ, ավելի մեծ հաղթանակ դժվար է պատկերացնել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ա. Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, թե նոր համակարգի դեպքում որեւէ պաշտոնյա չի գտնվի, որ ունենա այն լիազորությունները, որ այսօր ունի ՀՀ նախագահը. «Ապակենտրոնացման մասին պետք չէ խոսել, ոչ թե որ ինչ-որ մեկը կկենտրոնացնի իր ձեռքում իշխանությունը: Իշխանափոխության խնդրի առումով լավագույնս արձանագրված է, որ ընտրակարգը պետք է փոխվի, եւ ընտրական փոփոխություններ պահանջողների համար լավագույն դաշտն է բացվում աշխատելու»: ՀՅԴ-ականը վստահորեն հայտարարել է, որ խաղի կանոնները փոխվել են, ու առաջիկայում նոր Սահմանադրության նախագծով բոլորովին այլ որակի Հայաստան ենք ունենալու:
Ռուստամյանը բացառել է նաեւ ՀՀ իշխանությունների վերարտադրությունը՝ հավելելով, թե վերարտադրության գոյություն ունեցող հիմքերն այս Սահմանադրությունում նվազեցվում են:
Իսկ թե ինչու են ՀՅԴ-ում դերերը փոխվել, եւ այլեւս Արծվիկ Մինասյանը չի խոսում Սահմանադրության մասին, որը բովանդակային առումով գիտակ էր, այդպես էլ անհասկանալի է մնում: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Ի դեպ, վերջին շրջանում, երբ Ա. Մինասյանին դիմում ենք Սահմանադրության նախագծի վերաբերյալ մեկնաբանության համար, վերջինս ուղղորդում է դեպի Աղվան Վարդանյան՝ նրան դիմեք: Վարդանյանն էլ շատ «գաղտնապահ» է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
Վերջին տարիներին Հայաստանի ԲՈՒՀ-երի դիմորդների թվի անընդհատ անկումը դարձել է սովորական երեւույթ: ԲՈՒՀ-երը սկսել են տարբեր ուղիներ փնտրել՝ իրենց ուսանողների թիվը համալրելու համար: Մասնավորապես, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, Հայաստանի պետական ագրարային ինստիտուտի որոշ բաժիններում ուսանողներ են ընդունում՝ առանց բարդությունների եւ քննություն հանձնելու: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ինստիտուտի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները եւ այդ հանգամանքը հետեւյալ կերպ պարզաբանեց. «Դա Կառավարության հատուկ որոշմամբ է եղել: Բացառության կարգով ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվել, որը նախորդ տարում է գործել: Իսկ դիմորդների նվազումը համընդհանուր բնույթ է կրում»: Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում եւս դիմորդների «դեֆիցիտ» է եղել, եւ առանձին բաժիններում դիմորդներն այնքան քիչ են եղել, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ներքին կարգով հրահանգել է ոչ մեկին «դուրս չթողնել», եւ բոլոր դիմածներն ընդունվել են:

 

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՍԽԱԼՎԵԼ ԵՆ
Օգոստոսի երկրորդ կեսից «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ հուլիսին սպառած էլէներգիայի հաշիվները սովորականից մոտ կրկնակի ավել են: Օրինակ՝ սովորաբար ամսական 5-6 հազար դրամի էլէներգիա սպառողները 10 հազար դրամի հաշիվ են ստացել: Իսկ երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրենց տարածքային կառույցից պարզաբանում են պահանջել, բացատրել են, թե ՀԷՑ-ի աշխատակիցների սխալի արդյունք է: Այսինքն՝ հունիսի հաշիվը վերցնելիս սխալ ցուցմունք են գրել ՀԷՑ աշխատակիցները, եւ ՀԷՑ-ում ընդունում են այդ սխալը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀԷՑ մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանին, սակայն վերջինս ասաց, որ կոնկրետ փաստերը ներկայացնելու դեպքում միայն իրենք կուսումնասիրեն եւ կպատասխանեն: Իսկ կոնկրետ փաստը ՀՀ բնակչության մեծ մասի ծախսած էլէներգիայի դիմաց արված վճարումներն են:

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտարարեց, թե ինքը բողոք չունի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ, որի թիկնազորի կողմից նա օգոստոսի 15-ին ծեծի էր ենթարկվել, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազը ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է գործի նյութերը: Մեր տեղեկություններով՝ դատախազը քննիչներին ինչ-որ հանձնարարականներ է տվել: Իսկ թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը, ինչ հետեւանքներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ այս միջադեպի փաստի առիթով քրեական գործ հարուցելու կամ մերժելու որոշման կայացման ժամկետը լրանում է օգոստոսի 26-ին:




Լրահոս