Մի քանի օրից կլրանա հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման երեք տարին: Յուրաքանչյուր հայի արժանապատվությանը հասցված այս ցավալի հարվածից անմիջապես հետո հայ հասարակության վրդովմունքին համահունչ իր վրդովմունքն արտահայտեց նաեւ իշխանությունը: Ու թեեւ արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ կատարվածը բացառապես Հայաստանի արտգործնախարարության անգործության արդյունք է, այդուամենայնիվ, ո՛չ հանրային, ո՛չ էլ քաղաքական շրջանակներից չբարձրացվեց ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու պահանջ: Պատճառն այն էր, որ համազգային վրդովմունքի այդ օրերին ՀՀ իշխանությունները այնպիսի կեցվածք էին ընդունել, այնպիսի հայտարարություններ էին անում, որ թվում էր՝ ուր որ է՝ արդարությունը կվերականգնվի, Հունգարիայի վարչապետը հայ ժողովրդից ներողություն կխնդրի, իսկ Եվրամիությունն էլ անհապաղ կպահանջի վերադարձնել արտահանձնված հանցագործին: Իսկ եթե այդ ամենը տեղի չունենար, Սերժ Սարգսյանը Գորիկ Գուրգենիչին տվել էր «հատուկ հանձնարարություն», որի իրագործումն արդեն հաստատ մարդասպան տականքի հարցերը կլուծեր ու կվերականգներ բռնաբարված արդարադատությունը:
Այդպես հավատում էինք շատերս, ու երբ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպացի դիվանագետներին նախագահական նստավայր հրավիրած Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «հայ ժողովուրդն ու անձամբ ես սա չենք ներելու», հայ ժողովուրդը հենց վերը նշված վերջին քայլն էր ակնկալում՝ որպես չներելու ապացույց: Սակայն այսօր՝ կատարվածից երեք տարի անց, արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի՝ այդ օրերի պահվածքն ընդամենը էժանագին պոպուլիզմ էր եւ հանրային վրդովմունքի ալիքի հաշվին սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ: Հակառակ դեպքում՝ անցած տարիների ընթացքում որեւէ քայլ կձեռնարկվեր գոնե «հատուկ հանձնարարության» շրջանակներում: Ուղիղ եթերում ՀՀ (ի դեպ, առաջին եւ միակ անգամը մինչ օրս) ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնող եւ իր ժողովրդին արդար հատուցման խոստում տված Սերժ Սարգսյանը՝ թե՛ որպես ղեկավար, թե՛ որպես հայ մարդ, պարտավոր էր այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, սակայն այսօր Սաֆարովի մասին, թերեւս, հիշում են միայն Գուրգեն Մարգարյանի ծնողները:
Այս ամբողջ ընթացքում, ըստ էության, ոչինչ չարվեց նաեւ հարցի իրավական լուծման ուղղությամբ: Ավելի քան մեկուկես տարի առաջ հայտարարվեց, որ Սաֆարովի գործով Մարգարյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ, սակայն մինչ հիմա գործի քննության հարցում առաջընթաց չկա: Մինչդեռ իրական ցանկության դեպքում դժվար չէր հետամուտ լինել գործի քննությանը. ի վերջո, երբ իրենց պետք է լինում, ՀՀ իշխանությունները լավ էլ կարողանում են հարցեր լուծել՝ անգամ եվրոպական եւ միջազգային դատարաններում: Եվ դժվար թե հասարակությունը ների Սերժ Սարգսյանին ու Էդուարդ Նալբանդյանին այս անտարբերության համար: