Թուրքե՞րն են Ախուրյան գետը նետում գլխատված ոչխարների. գյուղացիներն անհանգստացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են: Նշված գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ մոտ օրերս իրենք Ախուրյան գետում նկատել են մեծ քանակությամբ գլխատված ոչխարների: Նրանք կասկածներ ունեն, որ թուրքական կողմից են գլխատված ոչխարները նետվել գետը:

ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա (այս համայնքները հարեւան են) գյուղերի բնակիչները մտահոգված են. կարծում են, որ Ախուրյան գետի ջուրը, որից իրենք ոռոգման նպատակով են միայն օգտվում, թունավորված կլինի: Ինչի համար էլ մեծ աղմուկ են բարձրացրել: Սակայն այս պատմության հետագա մանրամասների մասին տեղեկություն այդպես էլ բնակիչներին չի հաղորդվել: Եւ անտեղյակ բնակիչները ստիպված դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրանց պատմելով՝ գործին խառնվել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ դեպքի մասին ահազանգողները նշել են, որ ոչխարները գետ է նետել թուրքական կողմը: Բացի այս՝ անհրաժեշտ ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղը:

Սակայն բնակիչները նշված կառույցների կողմից տրված «հանգստացնող» պատասխաններից ավելի են զայրացած եւ համոզված են, որ սա կկրկնվի: «Մենք շատ վախեցած ենք, որովհետեւ մտածում ենք, որ այդ ջուրը հիմա վարակված է, չէ որ դրանով ենք մենք ոռոգում մեր այգիները»,- անհանգստացած նշեցին Անիպեմզայի բնակիչները:

Իսկ, ահա, Անիպեմզայի գյուղապետ Հարություն Թառլանյանը հայտնեց, որ դեպքից մի քանի օր է անցել, սակայն մինչ օրս իրենք հստակ ոչինչ չունեն պարզաբանած: «Միայն տեղեկացանք, որ ինչ-որ գայլեր են ընկել իրենց ոչխարների մեջ, հոշոտել ու կոտորել: Իրենք էլ որսի միսը չեն կարողացել օգտագործել, շպրտել են գետը: Այսքանն ենք իմացել»,- փոխանցեց գյուղապետը: Նրա պատմելով՝ նման բան առաջին անգամ է պատահում: «Մենք ռուս սահմանապահներից տեղեկացանք, որ խոսքը մոտավորապես 60 ոչխարի մասին է»,- լրացրեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ ե՛ւ Անիպեմզայի, ե՛ւ Արագածավանի գյուղապետերը հավաստիացրեցին, որ իրենք անձամբ գետում գլխատված ոչխար չեն տեսել, այլ լսել են ռուս սահմանապահներից: Անիպեմզայի գյուղապետի խոսքերով՝ Արագածավանի բնակիչներն են նկատել գլխատված ոչխարներին եւ այդ մասին ահազանգել են:

Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանից էլ տեղեկացանք, որ ինքն ահազանգը ստանալուն պես անմիջապես զանգահարել է ազգային անվտանգության ծառայություն: «Նստել եմ, մեքենաս ջարդելով գնացել եմ գետի երկայնքով, բայց ոչ մի ոչխարի չհանդիպեցի: Այս գյուղերում գրեթե բոլորն էլ անասնապահությամբ են զբաղվում, գուցե որեւէ մե՞կն է իր ոչխարին մորթել ու գցել ջուրը»,- ենթադրեց Արագածավանի գյուղապետը:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանի հետ, ով ասաց, որ իրենք էլ են նման ահազանգ ստացել եւ գնացել դրա հետքերով: «Կոնկրետ Ախուրյան գետին վերաբերող ջրի հետազոտությունը մենք սովորաբար կատարում ենք Գուսանագյուղ եւ Իսահակյան գյուղերի հատվածներից, այսինքն՝ այն տարածքներից, որոնք սահմանից հեռու են: Բայց քանի որ նման ահազանգ եղավ, մենք տեղում վերցրել ենք ջրի հետազոտություն, սակայն ոչ մի արտառոց բան չենք նկատել: Մեզ ահազանգել էին, որ գետի ջրի մեջ տեսել են ոչխարի ջանդակներ, բայց մենք հետազոտություն անցկացնելու ժամանակ չնկատեցինք նման բան: Ռուս սահմանապահներն էին տեսել ու ահազանգել: Չնայած, որ մենք հետազոտությունները կատարել ենք ու ոչ մի նման շեղումներ չենք նկատել»,- պարզաբանեց Ուռուտյանը:

Մասնագետը շտապեց վստահեցնել, որ անհանգստանալու ոչինչ չկա, եւ բնակիչների մտահոգությունները՝ այս հարցի հետ կապված, համարեց անհիմն: «Գուցե մարդիկ նկատել են, եւ մենք մինչեւ հասել ենք դեպքի վայր, դրանց գետը քշել-տարե՞լ է: Ասեմ, որ այդ գետի ջուրն այնքան արագ է հոսում, որ եթե փայտի մի կտոր գցենք ջրի մեջ, ապա 10 րոպե անց 5-6 կիլոմետր այն կանցնի, կգնա: Բայց այդ գլխատված ոչխարներն իրենցից ոչ մի վտանգ չեն կարող ներկայացնել: Ես չգիտեմ, թե այդ գետը կոնկրետ որ մասում է դանդաղում, հոսքը կանգնում, բայց Անիպեմզայի եւ Արագածավանի տարածքներում դրանց կանգնելու, նեխվելու մասով վստահեցնում եմ, որ ոչ մի նման բան չկա», -հավաստիացրեց Ուռուտյանը:

Խնդրի առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ ահազանգը ստացել են, եւ գետից դուրս է բերվել խոշոր եղջերավոր մեկ կենդանի, որը, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների, որեւէ հիվանդություն չի ունեցել:
Այսպիսով, թեեւ պատկան մարմինները համառորեն պնդում են, որ իրենց ստուգումների արդյունքում ոչ մի տեսակի շեղում չի հայտնաբերվել, այնուամենայնիվ, վերը նշված գյուղերի բնակիչները շարունակում են անհանգստանալ տեղի ունեցածից: Չէ որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե կոնկրետ որ կողմն է այդ գլխատված ոչխարները նետել Ախուրյան գետը եւ, ամենակարեւորը, ինչ նպատակով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս