Գործարանի ծուխը ոչխարների թունավորման պատճա՞ռ. գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ Մովսես Սիմոնյանը հայտնվել է անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրան պատկանող ավելի քան 30 գլուխ ոչխարը անհասկանալի պատճառներով սատկել է:

Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ներկայացնելով իրավիճակը, հայտարարեց, որ նախնական վարկածով ոչխարները կերից թունավորվել են, ապա սատկել. «Արոտավայրում կերել են ու թունավորվել: Բայց հիմա այդ երեւույթը չկա գյուղում, վերջացել է: Ըստ նախնական վարկածի` ոչխարները արոտավայրում թունավորվել են 15 օր առաջ, ուղղակի վերջին տասը օրում իրար հետեւից սկսեցին սատկել»:
Ի դեպ, այս պահին դեռ հայտնի չէ` վնասներ կրած քաղաքացուն կառավարությունը` մանավորապես մարզպետարանը, փոխհատուցում կտրամադրի, թե ոչ: Ինքը` վարչական ներկայացուցիչը եւս դժվարացավ ասել. «Ես չեմ կարող ասել` կփոխհատուցվի, թե ոչ:

Մեր Աքորին խոշորացված համայնք է, այս պատճառով իրավասու չեմ ասել: Ինքս շատ ուրախ կլինեմ, որ փոխհատուցեն»: Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ մարզպետարանում տեղյակ են խնդրին, բայց դեռեւս արձագանք չկա փոխհատուցման մասով: Ոչխարների սատկելու մասին լուրին տեղյակ է նաեւ խոշորացված համայնքի ղեկավարը: «Ինքը շատ ոչխար ունի, բայց դե մեկ ոչխարն էլ է մեծ կարողություն գյուղացու համար: Մենք դիմել ենք սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Անհրաժեշտ նմուշառումը վերցրել են: Սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին»,- նկատեց վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանը:

Բացի այս, Աքորիում բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ ոչխարները արածել են այն արոտավայրում, որը մոտ է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Ինչպես հայտնի է, Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարից ամեն օր դուրս եկող ծուխը տարածվում է քաղաքի վրա եւ թունավոր ազդեցություն ունի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս