Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջին չորս ամիսների ընթացքում սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երրորդ հանդիպումն է, եւ այս անգամ եւս օրակարգում առաջնայինը Ղարաբաղի հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին տեղի ունեցած հանդիպումից հետո Լավրովը հանդես էր եկել անսպասելի հայտարարությամբ` նշելով, թե «խորացող լավատեսություն» ունի բանակցային գործընթացի առաջխաղացման շուրջ, իսկ վերջին հանդիպումից հետո էլ ասել էր, թե ներկայումս իրական հիմքեր են ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար: Թե որոնք էին այդ հիմքերը, այդպես էլ չմանրամասնվեց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած ամենակարեւոր փոփոխությունը կապված է Իրան-Արեւմուտք հաշտեցման հետ, կարելի է չկասկածել, որ Լավրովի «լավատեսությունն» իրականում տագնապի ազդանշան էր:
Եվ այսօրվա այցն ու բանակցությունները Բաքվում հենց այդ տագնապի դրսեւորման շարունակությունն են: Ռուսաստանն այսօր առավել քան երբեւէ տագնապած է Իրան-Եվրոպա մեծածավալ էներգետիկ ծրագրերի իրագործման հեռանկարից, իսկ դրանց վիժեցման համար անհրաժեշտ է տարածաշրջանի ապակայունացում: Մի բան, որը Ռուսաստանը լավագույնս կարող է անել ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման միջոցով: Սահմանին տիրող լարված իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից նոր հրթիռների գործածումը, դիվերսիոն ներթափանցումների հաճախակիացումը եւ սրա ֆոնին Ադրբեջանում նոր ռադիոլոկացիոն կայան կառուցելու Ռուսաստանի ցանկությունը, (ընդ որում` առավելապես դեպի Իրան ուղղված) հենց մեր ռազմավարական դաշնակցի տագնապների համատեքստում պետք է դիտարկել:
Իրականում այսօր պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը ավելի մեծ է, քան անգամ մեկ տարի առաջ` օգոստոսյան աննախադեպ լարվածության օրերին, երբ երկու կողմից էլ եղան բամաթիվ զոհեր: Իսկ պատճառն այն է, որ այսօր Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը` Ռուսաստանը, դադարել է այդպիսին լինել: Իրանի վերադարձով խաղադրույքներն անհամեմատ մեծացել են եւ կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հենց իր` Ռուսաստանի տնտեսության համար, ուստի կարելի է չկասկածել, որ Ռուսաստանը առանձնապես խղճի խայթ չի ունենալու իր «փոքր եղբոր» շահերը անտեսելու համար:
Հայաստանում սա հստակ գիտակցում են, համենայն դեպս, վերջին օրերին հայոց զինուժը մարտական առաջին աստիճանի ռեժիմի բերելը (իհարկե, ներքին կարգով) այդ մասին է խոսում. իրավիճակը, կարծես թե, ավելի պայթյունավտանգ է, քան կարող ենք պատկերացնել: