Ի՞նչ ազդեցություն կունենա էթիկայի հանձնաժողովի որոշումը հայհոյանքների սիրահար Առաքել Մովսիսյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսի 7-ի դիմումը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Այդ ամենից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ԱԺ՝ հորդորելով պատժել Մովսիսյանին:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել վարույթ ընդունել գործը եւ զեկուցող նշանակել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանին: Օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովը, լսելով զեկուցողին, որոշում կկայացնի, թե դիմումատուի ներկայացրած կետերում որտեղ կա խախտում, որտեղ ոչ:

-Իսկ ի՞նչ հիմքեր կային, որոնք հաշվի առնելով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմում-բողոքը վարույթ ընդունել:

-Ըստ օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովին ներկայացնում է իր եզրակացությունը՝ դիմումի մերժման հիմքերի առկայության կամ բացակայության կապակցությամբ: Ու ներկայացվել է, որ մերժման հիմքերը բացակայում են, ինչի համար էլ հանձնաժողովը դիմումը վարութ է ընդունել: Դրանից հետո էլ սկսվում է դիմումի քննությունը:

-Արդյո՞ք հանձնաժողովը կհամարձակվի պատժել Առաքել Մովսիսյանին: Համենայն դեպս, նախորդ անգամ, երբ դարձյալ նրա վարքի հետ կապված դիմում էր ստացվել, հանձնաժողովն այն մերժեց:

-Որեւէ մեկին պատժելու կամ չպատժելու խնդիր դրված չէ: Էթիկայի հանձնաժողովը նախատեսված ժամկետում կքննարկի եւ կկայացնի որոշում՝ արդյո՞ք կա էթիկայի խախտում, թե ոչ: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում էթիկայի հանձնաժողովն առանձին քննություն է անցկացնում եւ որոշում կայացնում:

-Իսկ կաշկանդված չե՞ք, որ քննելու եք Ձեր խմբակցության պատգամավորին վերաբերող դիմում-բողոք:

-Բացարձակ, որեւէ ձեւով:

Հավելենք, որ  էթիկայի կանոնների խախտման մասին պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է։ Առաջինը եղել է մոտ մեկ տարի առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր  «գազային պայմանագրերի» վավերացման մասին հարցը: Այդ ժամանակ ՀՀԿ պատգամավորը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։

Այն ժամանակ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էր, ում գլխավորությամբ հանձնաժողովը բավարարել էր դիմումը և փաստել, որ պատգամավորը էթիկայի խախտում է թույլ տվել: Սակայն, ինչպես երևում է, այս որոշումը ոչ մի ազդեցություն չունեցավ հայհոյել ու վիրավորել սիրող ՀՀԿ-ականի վրա. նա շարունակում է նույն կերպ իրեն պահել և պետք եղած ժամանակ հայհոյել ու վիրավորել:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:




Լրահոս