Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին զուգահեռ չեն դադարում վերլուծությունները, թե, ի վերջո, ինչու Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այս գործընթացը, այն դեպքում, երբ առանց Սահմանադրության փոփոխության էլ կարող էր շատ հանգիստ վերարտադրվել` ստանձնելով վարչապետի պաշտոնը, որը ներկայիս Սահմանադրությամբ նախագահից ոչ պակաս լիազորություններ ունի: Այս հարցի պատասխանը իրականում շատ պարզ է. Սերժ Սարգսյանը ցանկանում է վերափոխել Սահմանադրությունը, քանի որ չունի նախագահի աթոռի` իր համար ընդունելի եւ վստահելի ժառանգորդ:
Եվ, առհասարակ, ՀՀԿ-ականներից զատ նախագահականում ֆոտոսեսիաների մասնակցող ոչ իշխանական ուժերը եւս, որպես արդարացում, կուլիսային խոսակցություններում նշում են, թե գուցե այս տարբերակը չարյաց փոքրագույնն է, քանի որ նախագահական համակարգի պահպանման դեպքում 2018-ին մենք հայտնվելու ենք շատ վտանգավոր իրավիճակում, երբ ստիպված ենք լինելու կա՛մ հանդուրժել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, կա՛մ էլ երկրի ղեկը հանձնել նախկինում արդեն իսկ առաջադրված եւ խայտառակ կերպով ձախողված այնպիսի դեմքերի, ինչպես, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն է կամ Արթուր Բաղդասարյանը: Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը փետրվարյան իրադարձություններից հետո արդեն անգամ չի էլ քննարկվում, դե, իսկ Լեւոն տեր-Պետրոսյանն էլ, ինչպես հայտնի է, նախորդ նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց, թե ինքն արդեն չափազանց ծեր է՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:
Ինչ վերաբերում է էլիտայի ներսից, օրինակ, Սեյրան Օհանյանին կամ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք ունենալը պարտադիր պայման չդիտարկող Հովիկ Աբրահամյանին առաջ մղելու հնարավորությանը, ապա դա էլ իրատեսական չի կարող լինել: Ով-ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտի, որ այդ տարբերակը շատ վտանգավոր է, ի վերջո, ինքն էլ նման պայմանավորվածությամբ գալով իշխանության` կարճ ժամանակ անց մոռացավ Ռոբերտ Քոչարյանին տված հավատարմության հավաստիքներրը:
Արդյունքում ստացվում է, որ մեր ողջ քաղաքական դաշտում չկա մի նորմալ նախագահացու. բոլոր թեկնածուներն էլ կա՛մ անխտիր վարկաբեկված են, կա՛մ էլ շատ թույլ են եւ ոչ ազդեցիկ: Եվ հենց նորմալ քաղաքական սերնդափոխության հնարավորության բացակայությունն է մեր այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկը, երբ ամեն ինչ պտտվում է երկու-երեք մարդու շուրջ, եւ տարիներ շարունակ դաշտում որեւէ նոր առաջնորդ չի ծնվում, իսկ ծնվելու դեպքում էլ դեռ «օրորոցում» խեղդում են: