Ովքեր մտադրություն ունեն կամ ունեին ներդրում անել «Նաիրիտ»-ում, նստում հաշվարկում են եկամուտները, շահույթը. Երվանդ Զախարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցի քննությունը: ՀԷՑ-ն այս տարի ապրիլին դիմել էր դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտը»: Գործարանը ՀԷՑ-ին պարտք է շուրջ 1.2 մլրդ դրամ: Դատական հերթական նիստը կայանալու է վաղը` սեպտեմբերի 3-ին: Նաիրիտցիները մտահոգություն ունեն, որ վաղը գործարանը սնանկ կճանաչվի: Դրա համար աշխատակիցները պատրաստվում են վաղը դատարանի առաջ բողոքի ակցիա իրականացնել:

Իսկ ինչով է զբաղված Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի գործարանը վերագործարկվի: Այս և մի քանի այլ հարցերի պատասխան Armlur.am-ը փորձեց ստանալ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից:

-Պարոն Զախարյան, վաղը տեղի կունենա «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու հայցով դատական հերթական նիստը: Ըստ ամենայնի` վաղը գործարանը դատարանի որոշմամբ սնանկ կճանաչվի: Մինչդեռ Դուք ասում էիք, որ Կառավարության համար ավելի ձեռնտու է վերագործարկել, քան սնանկ ճանաչել կամ լուծարել: 

-Այո, ես ասել եմ, որ Կառավարության համար ավելի ձեռնտու է վերագործարկել «Նաիրիտ»-ը, քան թե սնանկ ճանաչել կամ լուծարել: Այսօր էլ նույնը պնդում եմ, որովհետև Կառավարության կորուստները ավելի մեծ կլինեն: «Նաիրիտ»-ը բավականին բարդ և ծավալուն ընկերություն է, շարքային մեկ այլ ձեռնարկություն  չէ, որ միայն դատարանի վճռով բոլոր հարցերը լուծվի: Այստեղ կան անվտանգության խնդիրներ, վնասազերծման խնդիրներ: Մինչև սննկացման ավարտը, որոշակի պարտավորություններ կան, աշխատակիցների որոշակի թվաքանակ պետք է ապահովել, որպեսզի պահպանությունն իրականացվի, վնասազերծում արվի, աշխատանքներ կարողանանք իրակականացնել: Այս աշխատանքները բավականին ֆինանսական միջոցներ են պահանջում: Բացի դրանից, եթե սննակացման կամ լուծարման գործընթաց լինի, այդ դեպքում հատուկ վնասազերծման հետ կապված միջոցառումների ծրագիր պետք է կազմվի և իրականացվի: Իսկ այդ միջոցառումները մի քանի միլիոն դոլարների հետ է կապված: Այդ ծախսերը պետությունը պետք է վերցնի իր վրա: Պետությանը իրոք ձեռնտու չէ սննկացումը: Մենք վճարեցինք աշխատավարձերը, բայց դրանից բացի կա այլ ընկերություններին պարտքեր: Կառավարությունն անգամ պատրաստ է բանակցություններ վարել այդ ընկերությունների հետ, պարտքերը ժամանակավոր սառեցնելու համար, միայն թե լինեն մարդիկ, ընկերություններ, որոնք ցանկություն կհայտնեն վերագործարկել և ներդրումներ անել:

-Բայց նման ընկերություն կամ ներդրում անել ցանկացող մարդ չկա…

-Մինչև այժմ չկա: Գիտեք, ես հասկանում եմ գործարանի բոլոր աշխատակիցներին` ներկա, նախկին, իրենք աշխատանքի խնդիր ունեն և սոցիալական լավ վիճակում չեն: Իրենց անհրաժեշտ է գործարանը վերագործարկել, որպեսզի աշխատատեղ ունենան: Բայց այդ աշխատակիցները մի բան նորից մոռանում են. անգամ վերագործարկելու պայմաններում ընդհանուր աշխատակիցների թիվը կլինի ընդամենը 500-600 հոգի: Այսինքն`թյուր կարծիք է, որ վերագործարկելուց հետո 2300 հոգին աշխատելու է: Բոլորովին այդպես չէ: Նոր տեխնոլոգիաներ, աշխատատեղեր, նոր արտադրություն կազմակերպելու դեպքում կաշխատեն 500-600 աշխատակից:  Այս պահին գործարանում գրանցված են և աշխատավարձ են ստանում 480 հոգի: Վերագործարկումից հետո աշխատատեղերի մեծ սպասելիքներ չեն կարող լինել:

-Ստացվում է` վերագործարկման հույս և միջոց այլևս չկա՞: 

-Վերագործարկման համար լուրջ ներդրումներ են պետք: Խորհրդատվությունն ու ընդհանուր աուդիտը, որն իրականացվեց, հայտարարվեց, որ 205-300 մլն դոլարի ներդրում է անհրաժեշտ վերագործարկման համար: Կան նաև այլ կարծիքներ, թե 60, 70 կամ 80 մլն դոլար ներդրումով հնարավոր կլինի վերագործարկել գործարանը:

-Այո, գործարանի աշխատակիցները ևս պնդում էին:

-Ես նրանց էլ եմ հասկանում: Բայց դրանք ցանկություններ են: Նրանց ձեռնտու չէ, որ մեծ գումարների մասին խոսք գնա: Բայց իրականում, փոքր գումարներով վերագործարկել «Նաիրիտ» ընկերությունը, հնարավոր չէ: Սարքավորումներ գնելու, հումք ձեռք բերելու, արտադրելու և այլ շրջանառու միջոցների համար միայն անհրաժեշտ է 40-50 մլն դոլար: Մոտավորապես` 2-3 ամսվա աշխատանքի միջոցներ պետք է ունենա: Այնպես որ, եթե հայտարարում են 60,  70 կամ 80 մլն ներդրումներ անելով հնարավոր է գործարանը վերագործարկել, դրանք չհիմնավորված, չհաշվարկված հայտարարություններ են: Այս ժամանակահատվածում, ինչ ես աշխատում եմ այստեղ ոչ մի հիմնավոր, լուրջ կոնկրետ առաջարկություն որևէ հիմնարկության, մասնավոր անձի կողմից չի եղել:

-Ինչու՞:

-Որովհետև, նրանք իրենց գումարները հաշվում են: Եթե որոշակի գումար ներդնեն, ապա այդ գումարները հետ կստանան, թե չէ:

-«Նաիրիտ»-ի արտադրանքը մրցունակ չի՞ լինի, հնարավոր չի՞ լինի սպառել: 

-Ընդհանրապես հիմա իրացման ծավալների կրճատում է տեղի ունենում` ելնելով համաշխարհային տնտեսական իրավիճակից: Դուք գիտեք, որ հումքերի, այդ թվում հանքարդյունաբերության գծով բավական դժվար իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում: Այնպես չէ, որ եթե տարեկան 5-10 տոննա ապրանք արտադրվի, ապա վաղը ևեթ դա կվաճառվի: Շուկան փոքրացել է և զբաղված է: Նրանք, ովքեր անգամ մտադրություններ ունեն կամ ունեին «Նաիրիտ»-ում ներդրումներ անելու, նստում հաշվարկում են իրենց եկամուտները, սպասվելիք շահույթը:

-Պարոն Զախարյան, այնուամենայնիվ, վաղը տեղի կունենա  սնանկության գործով դատական նիստը: Եթե գործարանը սնանկ ճանաչվի, այն կփոխանցվի՞ ռուսական ընկերությանը և «Նաիրիտ»-ի հարցը մեկընդնմիշտ կփակվի՞:

-Ոչ: Մենք համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացրել ենք ռուսական կողմին, որպեսզի գրավի իրավունքը անցնի Հայաստանի կառավարությանը: Պայմանագիր արդեն ուղարկել ենք ռուսական կողմին, մենք սպասում ենք նրանց կողմից պայմանագրի ստորագրմանը: Չեմ կարող ասել  թե ինչքան կտևի: Դա գործընթաց է: Այդտեղ խնդիր չկա, պարզապես ժամանակ է անհրաժեշտ: Կստորագրեն, կուղարկեն, այնուհետև Կառավարությունը կքննարկի հետագա քայլերը: Իսկ վաղվա դատի հետ կապված նախապես ոչինչ ասել չեմ կարող: Այսօր «Նաիրիտ»-ը շատ ընկերությունների է պարտք և չեմ բացառում, որ դատարան կդիմեն իրենց գումարը պահանջելու: Բայց չեմ կարող ասել` սնանկ կճանաչվի թե ոչ, եթե իհարկե դատը վաղը տեղի ունենա:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս