Իշխանությունները ներկայումս զբաղված են «լուրջ» գործերով եւ այնպիսի «մանր-մունր» բաների մասին, ինչպես Հայաստանի ապաշրջափակումն է, մտածելու ժամանակ չունեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել է Կոնգրեսի բավարար թվով սենատորների աջակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հաստատման հարցում: Այսպիսով` կարելի է ասել՝ վերացավ վերջին արգելքը Արեւմուտք-Իրան հաշտեցումը կյանքի կոչելու ճանապարհին: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում լրջագույն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային փոփոխություններ են սպասվում, որոնք ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար:

Անցած տարիներին մեր երկիրն արդեն իսկ դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից` մի մասը Ղարաբաղի խնդրի, մյուս մասն էլ` ՀՀ իշխանությունների ապաշնորհության արդյունքում: Ընդ որում, երկու դեպքում էլ վճռորոշ է եղել ՀՀ իշխանությունների` ոչնչով չհիմնավորված մտայնությունը, որ, օրինակ, Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումը ՌԴ ոչ մի դեպքում թույլ չի տա, բացի այդ` Ադրբեջանի նավթի պաշարներն այնքան մեծ չեն, որպեսզի բրիտանական միլիարդներն այդտեղ ներդրվեն: Ինչպես ժամանակը ցույց տվեց` ամիսներ շարունակ իշխանական ամենաբարձր մակարդակներով հնչեցվող այդ հավաստիացումները սին դուրս եկան:

Նույնն էլ տեղի ունեցավ Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության դեպքում, երբ դարձյալ հնչում էին հայտարարություններ, որ այս երկաթուղին չի կառուցվի չափազանց ծախսատար լինելու պատճառով, եւ որ, ի վերջո, թուրքերը կգան Կարս-Գյումրի երկաթուղին բացելու գաղափարին: Իշխանական այս կարճամիտ պնդումներն էլ այսօր այլեւս հերքված են. տակավին երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը կավարտվի կարճ առաջիկայում, ինչից հետո Կասպյան տարածաշրջանից Թուրքիայի միջոցով ապրանքները կհասցվեն Եվրոպա:

Առկա իրավիճակում Իրանի միջոցով դեպի Չինաստան հաղորդակցուղիների, ինչպես նաեւ դեպի Արեւմուտք էներգակիրների տարանցիկ նախագծերում ներգրավվելու համար ՀՀ-ի իշխանությունները պետք է օրուգիշեր աշխատեն` բաց չթողնելու համար այս, կարելի է ասել, վերջին շանսը առաջիկա բավականին երկար ժամանակահատվածի համար: Անցած մարտին Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում կարծես թե բավական լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, եւ Չինաստանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու ՀՀ-ի տնտեսական նախաձեռնություններին:

Անցած կես տարվա ընթացքում, սակայն, ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ հայկական իշխանությունները բավարար նախաձեռնություն չեն դրսեւորել: Առայժմ միայն խոսք է գնում Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածը ֆինանսավորելու համար չինական կողմին դիմելու մասին: Իշխանությունները ներկայումս զբաղված են իրենց համար շատ ավելի կարեւոր` վերարտադրության ապահովման խնդիրներով եւ այնպիսի «մանր-մունր» բաների մասին, ինչպես Հայաստանի ապաշրջափակումն է, մտածելու ժամանակ չունեն:




Լրահոս