Սահմանադրության նախագծով ընդդիմության լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են: Նոր Սահմանադրությամբ հիմնական սահմանադրական օրենքները ընդունվելու են ոչ թե մեծամասնության ձայներով, այլ պատգամավորների 3/5 ձայներով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տարիներ շարունակ ընդդիմությունը պահանջել է Հայաստանում անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ մենք գիտենք, որ բազում ընդդիմադիր կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում նշել են խորհրդարանական համակարգի անցնելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը մեկ կենտրնից չկառավարվի: Եթե հիշում եք, նրանցից շատերը խոսում էին, որ 41 մեծամասնական տեղերը իշխանությանն են պատկանում և հնարավոր չէ, որ ընդդիմադիր թեկնածուներն ընտրվեն», – նշեց նա, հավելելով, որ այսօր իրենք լսել են մեր ընդդիմության առաջարկը և Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ միայն համամասնական ընտրակարգ է լինելու:
Նրա խոսքով, ընտրական օրենսգրքում փոփոխությունները, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխությունները, դատական օրենսգքրի փոփոխությունները և նմանատիպ այլ կարևոր օրենքների փոփոխություններն առանց ընդդիմության մասնակցության, առանց ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավոր չէ ընդունել:
«Մեր ընդդիմադիր գործընկերներն այլևս չեն կարողանալու ասել, որ մեծամասնությունը բերում և անցկացնում է իր ուզած օրենքները»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
ԱԺ փոխխոսնակը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ առաջարկվող Սահմանադրությամբ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկը առաջադրվելու է ընդդիմության կողմից: Նրա խոսքով՝ սա էլ շատ կարևոր դրույթ է, որպեսզի ընդդիմադիրները ևս լինեն կառավարման համակարգում: