Սերժ Սարգսյանը հայատարարել էր, որ Ադրբեջանի «նման լկտի պահվածքի» դեպքում կանխարգելիչ հակահարված են տալու. սպասմա՞ն մեջ ենք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին չդադարող կրակոցները, որոնց ընթացքում ազերիներն արդեն կիրառում են ականանետեր եւ թուրքական արտադրության նոր հրթիռային համակարգ, կարծեք թե, նվազելու միտում չունեն:
Այս չդադարող, ՊՆ մամուլի խոսնակի բնորոշմամբ` հիբրիդային պատերազմը, որը մեկնարկեց անցած տարվա հուլիսի վերջից, ցույց է տալիս, որ Ադրբեջանը քայլ առ քայլ ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ սեփական ժողովրդին նախապատրաստում է պատերազմի: Սակայն այս հանգամանքը, չգիտես ինչու, հայկական կողմին չի մտահոգում:

Համենայն դեպս, հրապարակային հայտարարություններում ասվում է, թե սա ադրբեջանի սովորական, ոչ մի տեղ չտանող գործելաոճն է, որի նպատակն ընդամենը Հայաստանում հյուծիչ եւ խուճապային մթնոլորտ ձեւավորելն է: Եթե անգամ դա այդպես է եւ ոչ ավելին, ապա պետք է նկատել, որ Ադրբեջանը զգալիորեն հաջողում է իր նպատակներում, քանի որ ամեն օր սահմանին նոր գնդակոծության եւ նոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվություն ստացող հայաստանցիների ոչ փոքր մասը մտածում է երկրից հեռանալու եւ սեփական ընտանիքի անվտանգությունը հոգալու մասին: Առավել եւս, որ այդ քայլին նրանց դրդում է նաեւ սեփական իշխանությունը՝ երկրի տնտեսական անկման հետզհետե խորացող ընթացքով եւ «ժանտախտի» ժամանակ սահմանադրական «խրախճանքներ» անելով:

Ուստի, եթե ՀՀ իշխանությունները չեն ցանկանում, որ Հայաստանը է՛լ ավելի դատարկվի, նրանք պարտավոր են հզոր հակահարված տալ ադրբեջանական այս մարտավարությանը: Տարեսկզբի լարվածության օրերին, ինչպես հիշում եք, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմն այսուհետ իրեն իրավունք է վերապահում Ադրբեջանի նման լկտի պահվածքի դեպքում իրականացնել կանխարգելիչ հարվածներ: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի այս հայտարարությունը երկրորդեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը` հրամանատարներին նաեւ ընձեռելով տեղում որոշում կայացնելու եւ հակահարվածներ հասցնելու իրավունք: Անցած ավելի քան կես տարվա ընթացքում, սակայն, հայկական կողմից որեւէ կանխարգելիչ հարվածի մասին հայ հանրությունը տեղեկացված չէ, թեեւ դրա առիթների պակաս չի եղել:

Արդ, որն է պատճառը, որ հայկական զինուժը մշտապես արձագանքողի դիրքերում է, եթե սրանով մենք միջազգային հանրությանը փորձում ենք ապացուցել, թե մենք խաղաղասեր ենք, ապա անցած տարիների հայկական կողմի կեցվածքը պետք է որ արդեն բավարար լիներ՝ դա ցույց տալու եւ միջազգային կառույցների` Ադրբեջանին ուղղված կոշտ արձագանքը ստանալու համար: Նման բան, սակայն, մինչ օրս չի եղել, փոխարենն անգամ երկրի նախագահի կողմից «կանխարգելիչ հարվածների» մասին հայտարարությունից հետո պատասխանողի այս մարտավարությունն այլեւս ընկալվում է որպես թուլության նշան ոչ միայն դրսում, այլեւ, որ ամենավտանգավորն է, հենց երկրի ներսում:




Լրահոս