ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան Kibelle, ինչպես նաև անգլիական Lifebox կազմակերպությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանին պետք է տրամադրվեր 300 պուլսօքսիմետր։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում անգլիացի մասնագետներն իրենց հետ բերել են սարքի առաջին խմբաքանակը` 116 պուլսօքսիմետր։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանն, այսօր ընդունելով Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարին և անգլիացի մասնագետներին, նախ շնորհակալություն հայտնեց աջակցության համար, ապա նշեց, որ ստացված խմբաքանակի պուլսօքսիմետրերն առաջին հերթին կբաշխվեն մոր և մանկան առողջության պահպանման բժշկական կենտրոններին։ Հյուրերը փոխնախարարին տեղեկացրեցին, որ նախորդ օրը կազմակերպված սեմինարի ընթացքում հայ անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին ծանոթացրել են սարքին, այն կիրառելու եղանակին։
Գագիկ Միրիջանյանը հետաքրքրվեց, թե Մեծ Բրիտանիայում ինչպես են իրականացվում բժշկական օգնության որակի հսկման աշխատանքները։ Մասնագետները, համառոտ ներկայացնելով իրենց երկրում կիրառվող մեթոդները, պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում համագործակցել նաև այդ ոլորտում` կազմակերպելով փորձի փոխանակում։