Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի՛ ասա երբեք. Ռոբերտ Քոչարյան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատությանը» տված հարցազրույցում, անդրադառնալով իր` քաղաքականություն վերադառնալու թեմային, ասել է. «Դա թերեւս ամենից շատ քննարկվող եւ ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի՛ ասա երբեք: Ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա»:
Ինքնին ուշագրավ է, որ նախկին նախագահն իր համար «ամենից փակ թեմային» անդրադառնում է գրեթե բոլոր հարցազրույցների ընթացքում: Էլ չասած, որ նրա գրասենյակի հետ կապվող լրատվամիջոցներով մշտապես կարելի է հանդիպել «Քոչարյանի վերադարձի» թեման «տաք պահող» հրապարակումների: Սակայն «Սանտա Բարբարա» սերիալի նման անվերջանալի այդ հրապարակումների ու հարցազրույցների շարքը հետզհետե ոչ միայն անհետաքրքիր, այլեւ անիմաստ է դառնում:

Բանն այն է, որ շատ կարճ առաջիկայում` ընդամենը 2 ամսից, «երբեք մի՛ ասա երբեք» ասող Քոչարյանի համար գալու է այդ «երբեքը», քանի որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Քոչարյանի վերադարձի՝ անգամ տեսական հնարավորությունը կբացառվի: Եվ եթե հիմա` իր համար այս ճակատագրական փուլում էլ Քոչարյանը չի ցանկանում «որոշակի հստակություն մտցնել այդ հարցում», ապա կարելի է ասել, որ Ս. Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իր վերադարձի վերաբերյալ կիսաակնարկներ անելով եւ այդպես էլ հստակ քայլերի չգնալով` Քոչարյանը մեծ ծառայություն է մատուցել եւ մատուցում Ս. Սարգսյանին: Այլապես ինչն էր խանգարում 2-րդ նախագահին, որն ինչպես հայտնի է` դեմ է սահմանադրական փոփոխություններին, նախագծի հրապարակումից անմիջապես հետո հայտնել իր կարծիքը եւ փորձել պայքարի ճակատ ձեւավորել Ս. Սարգսյանի նախաձեռնած այս գործընթացի դեմ: Ավելի քան 1,5 ամիս է` հայտարարվել է, որ առաջիկայում Քոչարյանը կասի իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, սակայն չնայած մինչ նոյեմբեր մնացած կարճ ժամանակին` նախկին նախագահը չի շտապում:

Իսկ այս ընթացքում էլ Ս. Սարգսյանի թիմը թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակներին փորձում է համոզել` առաջադրելով կա՛մ սահմանադրական փոխություններ, կա՛մ Քոչարյանի վերադարձ ընտրությունը: Եվ, բնականաբար, շատերը նախապատվությունը տալիս են սահմանադրական փոփոխություններին:
Արդյոք այս ամենը չի գիտակցում 2-րդ նախագահը, դժվար է ասել. չի բացառվում, որ սեփական անհամարժեք ինքնագնահատականը նրան ուղղակի խանգարում է իրավիճակն օբյեկտիվ գնահատել: Իսկ եթե դա այդպես չէ, ապա արդեն առաջիկա օրերին պետք է լսենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Քոչարյանի` քարը քարին չթողնող քննադատությունն ու շատ արագ «ՈՉ»-ի ճակատ ձեւավորելու կոչը:




Լրահոս