Ինքը պրոֆեսիոնալ մարմնավաճառ ա. ասել էր պիտի խմած դուրս գա գործի ու վեննա գցի. դատապարտյալ կավատը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է թրաֆիքինգ կատարելուն նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է` դատարան էր կանչվել մեղադրյալի դատապարտյալ քույրը` Բավական Խաչատրյանը, ով, ըստ մեղադրական եզրակացության, գտնվել է իրադարձությունների կիզակետում:

Նախ հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:

Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:

Եվ այսպես, երեկվա դատական նիստին հարցաքննվեց 11 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանը, ով վստահեցրեց, որ քրոջ` Հերիքնազի հետ երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ է եղել, նրան այնքան ժամանակ չի տեսել, որ արդեն չի ճանաչում:

Տեսանյութը` iravaban.net-ի:

Բավական Խաչատրյանի խոսքով` Դուբայում ծանոթներ ինքն ունեցել է, որոնցից մեկի անունը Անո է, որը բիզնեսով է զբաղվում, նաև շփվում է մարմնավաճառների հետ: Նա նշեց, որ տեղեկություն չի ունեցել, թե քույրը 2006 թվականից սկսած որտեղ է եղել. «Ես իր հետ 2005 թվականից ընդհարված եմ եղել, բացարձակապես ոչ էլ իր գոյության մասին տեղյակ եմ»: Իսկ Ելենա Նիկողոսյանին ճանաչում է որպես Հերիքնազ Խաչատրյանի մտերիմ ընկերուհի: Բավական Խաչատրյանի պնդմամբ՝ Ելենա Նիկողոսյանը պրոֆեսիոնալ մարմնավաճառ էր և Արաբական Միացյալ Էմիրություններում ցանկանում էր որպես մարմնավաճառ աշխատել:

Ապա, դիմելով քրոջը, Բավական Խաչատրյանն ասաց. «Դու իմ գործերի մեջ ընդհանրապես կապ չունես, դու մինչև վերջ էլ կարաս գնաս առաջ: Այսօր դատվել եմ ես, դատապարտվել եմ ես, իմ գործերի համար, իմ արարքների համար, դու պրի չյո՞մ, ո՞վ էիր դու, որ քո անունը տայի»:

Armlur.am-ի հետ զրույցում Հերիքնազ Խաչատրյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում խախտվել է Բ. Խաչատրյանի Սահմանադրությամբ ամրագրված 22-րդ հոդվածով սահմանված իրավունքը: Այսինքն` Բավականից ցուցմունք վերցնելիս իրեն վարույթն իրականացնող մարմինը չի հայտնել, որ նա իրավունք ունի իր մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ. «Նրան հարցաքննել են գիշերվա ժամը 02:40 րոպեին, որը տևել է մինչև 06:30, իսկ ոստիկանություն են տարել ևս 5 ժամ առաջ: Որտեղ էլ 2-3 ժամ ճնշման ազդեցության տակ բացատրություն են վերցրել: Բավականն իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին դիմում ներկայացրել է: Նրա առաջին փաստաբանը բողոք է ներկայացրել, սակայն այդ բողոքն օրենքով սահմանված կարգով չի քննվել: Դա պետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը, բայց քննել է նույն քննչական մարմինը: Նյութեր է նախապատրաստել ու մերժել: Այսինքն`  ընթացքը հավուր պատշաճի չի իրականացվել»:

Մեր զրուցակցի խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որոնք նախաքննությունը չի հիմնավորել, մասնավորապես, Հերիքնազի նկատմամբ որևէ ապացույց չկա, առկա ապացույցներն էլ անուղղակի են: Հրանտ Գևորգյանը նշեց, որ նախաքննական մարմինը վստահեցնում է, թե Հերիքնազը գտնվել է արտասահմանում, հեռախոսակապ է ունեցել քրոջ հետ, սակայն թե իրականում ում հետ է խոսել Հերիքնազը, հայտնի չէ. վարույթն իրականացնող մարմինն այս մասով որևէ ապացույց ձեռք չի բերել. «Անմեղության կանխավարկած է խախտվել: Հետո Հերիքնազ և Բավական Խաչատրյաններն արդյոք իրար հետ կապ ունեցել են, թե ոչ: Հերիքնազ Խաչատրյանը մասնակցություն ունեցել է այդ գործին, թե ոչ: Հավաքագրված կանայք Հերիքնազ Խաչատրայնին անծանոթ են եղել, հատկապես իջևանցիք: Նրանք ինչպես կարող էին Հերիքնազի ձայնը ճանաչել: Սրանից բացի սահմանահատումների մասին տեղեկանք կա, որն ապացուցում է, որ Հերիքնազ Խաչատրյանն այդ ժամանակ Դուբայում չի եղել: Նա գտնվել է Ռուսաստանում և Թուրքիայում»:

Փաստաբանի փոխանցմամբ` այն, որ մարմնավաճառը ցուցմունք է տալիս, թե Հերիքնազ Խաչատրյանին տեսել է Դուբայում, բացարձակ կեղծիք է:

Տեղեկացնենք նաև, որ դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 19-ին:




Լրահոս