Ես կարող եմ դասվել այն 10 մարդկանց շարքում, ովքեր ամենաջերմ ու լավ հարաբերությունների մեջ են եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ինքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում: Իսագուլյանը հավաստիացրել էր, որ դրանով փորձ է արվում նաեւ շփոթության մեջ գցել Սերժ Սարգսյանին` հավելելով, որ նամակով դիմելու է երկրի նախագահին եւ հանդիպում խնդրելու նրանից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Իսագուլյանն արդեն դիմել է Ս. Սարգսյանին, սակայն որեւէ արձագանք չի ստացել:

-Պարո՛ն Իսագուլյան, որոշել էիք Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել, որպեսզի նրա հետ քննարկեիք նոր Սահմանադրության նախագիծը: Ինչպե՞ս է Ձեր խնդրանքին արձագանքել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նա եւս ցանկանում է նույն հարցի շուրջ զրուցել Ձեզ հետ:

-Ես հրապարակավ ցանկություն եմ հայտնել՝ հանդիպելու, Սահմանադրության հետ կապված մեր տեսակետները ներկայացնելու համար, բայց մինչ օրս դեռեւս որեւէ պատասխան չկա: Միաժամանակ ասեմ նաեւ, որ զանգահարել եմ նախագահի գրասենյակ ու նախագահի օգնականին տեղյակ եմ պահել մեր ցանկության մասին:

-Ինչո՞ւ հրապարակային չեք ներկայացնում Ձեր տեսակետը, ինչո՞ւ եք ցանկանում պարտադիր առանձին հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ:

-Նոր Սահմանադրության նախագծում կան այնպիսի բաներ ներառված, այնպիսի մոդելներ, որոնք կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ ՀՀ-ի համար: Ես տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնել եմ այդ մասին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահն ինքը նախաձեռնել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման գործընթաց, ու մենք համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ ցանկացած երկխոսություն անպայման անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ներկայացնեն իրենց տեսակետները, դիմել էինք հանդիպման համար: Մնացած կուսակցություններն էլ կարող են հրապարակավ ասել իրենց տեսակետը ու չգնալ հանդիպման: Բայց ինձ պետք է նաեւ նայել այն մարդկանց աչքերի մեջ, ովքեր նախաձեռնում են այս ամենը, ու ուղիղ անել այն հարցադրումները, որոնք առկա են, ու նաեւ տեղում լսել պատասխանը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք մի գործընթաց, որ որոշ կուսակցություններ խուսափում են հանդիպումից կամ դա համարում են իրենց սկզբունք ու չեն գնում հանդիպման, իսկ ովքեր որ մինչեւ այժմ ունեցել են միանգամայն հակադիր տեսակետ, հանդիպումից հետո մի տեսակ փոխվում են: Կա՛մ նախագահն իրենց ասում է գաղտնիքներ, որոնք չեն կարողանում ասել սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնախմբի անդամները կամ մնացած կողմ տեսակետ հայտնողները… Մենք ուզում ենք իմանալ՝ կա՞ն նման գաղտնիքներ: Սա եւս առաջացրել է հետաքրքրություն:

-Բայց Սերժ Սարգսյանը Ձեր կուսակցության հետ հանդիպման ցանկություն չի հայտնել, գուցե Դուք անձնական խնդիրնե՞ր ուենք Ս. Սարգսյանի հետ, որ այդպես էլ չի ցանկանում հանդիպում ունենալ Ձեզ հետ:

-Շատ կարեւոր է հետեւյալ հանգամանքը՝ ես իմ բոլոր ելույթներում ասել եմ, որ կան հարցեր, որ անձնական փոխհարաբերությունները որեւէ նշանակություն չունեն: Ու մենք, երբ որ քննարկում ենք պետական եւ ազգային նշանակություն ունեցող հարցեր, պարտավոր ենք վեր կագնել մեր անձնական խնդիրներից ու մասնակցել այդ հարցերի քննարկմանը: Շատ քչերը կարող են ասել, որ իրենք բավականին երկար ժամանակ աշխատել են Սերժ Սարգսյանի հետ ու ունեցել են բավականին լավ հարաբերություններ ու ունեն այդ հարաբերությունները մինչեւ հիմա: Մեր անձնական հարաբերություններում երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ու ես կարող եմ դասվել այն 10 մարդկանց շարքում, ովքեր ամենաջերմ ու լավ հարաբերությունների մեջ են եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ մինչեւ նախագահ դառնալը եւ նախագահ դառնալուց հետո: Անձնական խնդիր չի կարող լինել, միաժամանակ ես չեմ էլ թաքցնում, որ ես այն մարդն եմ եղել, ով ցանկացած հարցի վերաբերյալ, նաեւ ընդհանուր խորհրդակցությունների ժամանակ, առանց մտավախության, հստակ հայտնել է իր տեսակետները, որոնց նախագահը համաձայն չի եղել: Բայց ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ հարցի հետ կապված ասել տեսակետ, որը կարող է հաճելի լինել, ցանկալի լինել…գուցե ես նաեւ այն միակ մարդն եմ, ով նայել է մարդու աչքերի մեջ ու շատ հարցերում ասել է, որ սա ճիշտ չի, որ սա անելը կունենա վատ հետեւանքներ:

-Նախկինում Դուք էլի եք Սերժ Սարգսյանին դիմել նամակով՝ առաջարկելով ՀՀ 3 նախագահների հանդիպումը կազմակերպել, սակայն այդ դեպքում եւս, կարծեք թե, որեւէ արձագանք չեղավ: Այդ փորձը հաշվի առնելով` չեք կարծո՞ւմ, որ այս անգամ եւս անարդյունք է լինելու Ձեր խնդրանքը:

-Երեւի թե իմ առաջարկությունները չեն մտնում շատ մարդկանց պատկերացումների մեջ այն առումով, որ կարելի է պետության ղեկավարների համար մի կողմ դնել անձնական խնդիրները եւ տարբեր հարցերի հետ կապված՝ նստել ընդհանուր սեղանի շուրջ ու քննարկել: Ես կրկնել եմ իմ առաջակը, անկախ ամեն ինչից, իմ նախաձեռնությունները չեն ունեցել ո՛չ անձնական եւ ո՛չ էլ այլ նպատակ, բացառությամբ նրա, որ մեր հանրությունը տեսնի, որ մարդիկ, որոնք եղել են պետության գլուխ, հիմա կարող են նստել սեղանի շուրջ ու քննության առնել հարցեր, որոնք ունեն պետական ու ազգային նշանակություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս