Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոկային, այդ մասին armlur.am-ը տեղկացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը շնորհավորել է Տանյա Ռադոկային Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունն ու փորձի փոխանակումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ շարունակական կլինի:

Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները մեկ կարևոր շեշտադրությամբ՝ երեխան պետք է ապրի և խնամվի ընտանիքում: Այնուհետև, նախարարն անդրադարձել է երեխայի մուտքը հաստատություն կանխարգելող քաղաքականությանը. «Մենք այս նախընթաց ժամանակահատվածում համատեղ բավական մեծ աշխատանքներ ենք իրականացրել և այժմ մտնում ենք կարևոր փուլ, երբ պետք է ունենանք փաստացի արդյունքներ: Ապաինստիտուցիոնալացման պրոցեսը միանշանակ է, որ պետք է զուգակցվի այլընտրանքային ծառայությունների ցանցի ներդրմամբ, զարգացմամբ, քանի որ հաստատություններ փակելը ինքնանպատակ չէ: Կանխարգելման քաղաքականությանը զուգընթաց, պետք է ստեղծվեն համապատասխան ծառայությունների փաթեթներ, որոնք հասանելի կլինեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, նախարարին այդ դժվարին և կարևոր բարեփոխումները սկսելու և իրականացնելու համար: Տիկին Ռադոկայան նշել է, որ իր ողջ կյանքում սոցիալական պաշտպանության ոլորտում է աշխատել և շատ ուրախ կլինի իր փորձն ու հմտությունները կիրառելի դարձնել նաև Հայաստանում:

Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը ևս մեկ անգամ արդյունավետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և վստահեցրել, որ դեռ շատ առիթներ կլինեն համատեղ աշխատանքները գնահատելու և առաջ շարժվելու համար:




Լրահոս