Սահմանային գնդակոծություններն ու զոհերը գնալով ավելի քիչ են առաջացնում ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ միջազգային հանրության հակազդեցությունը.խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991-1997 թթ. ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է Ադրբեջանին զսպելու, ադրբեջանական հարձակումներին վերջ տալու տեսլականը: «Հստակ է, որ մենք կորցրել ենք մեր հակակշիռը Ղարաբաղի հարցի լուծման վրա»,- ասել է նա` մտահոգություն հայտնելով, որ սահմանային այս լարված իրավիճակն արդեն սովորական է դառնում ՀՀ իշխանությունների համար, որոնք այլեւս բավարարվում են ընդամենը սահմանագոտու բնակչությանը «մի քիչ փող տալով»:

Իրականում Լիպարիտյանի մտահոգությունը տեղին է, քանի որ, իսկապես, սահմանային գնդակոծություններն ու զոհերը գնալով ավելի քիչ են առաջացնում ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլեւ միջազգային հանրության հակազդեցությունը: Փաստացիորեն Կազանի հանդիպումից հետո արդեն չորս տարի է` բանակցային գործընթացը, բովանդակային առումով, մեռած է: Իսկ միջնորդների պարբերական այցելություններն ընդամենը գործընթացի ֆորմալ կենդանության հաստատման նպատակ ունեն: Բանը հասել է այնտեղ, որ այսօր միջնորդները չեն էլ թաքցնում, որ իրենց համար արդեն իսկ մեծ հաղթանակ է այն, որ երկու երկրների նախագահները (իրականում Ադրբեջանի) սկզբունքորեն չեն մերժում առաջիկա հանդիպման անցկացման գաղափարը:

Իսկ որն է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարն այդչափ լկտիացել է. այս հարցի պատասխանը երեկ տվել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեւը` արձանագրելով. «Քանի դեռ Ադրբեջանը ռազմական առավելություն է զգում, չի նստի բանակցային սեղանի շուրջ»: Եվ իրոք, Ադրբեջանի ղեկավարի պահվածքը նկատելիորեն փոխվեց հատկապես զենքի վաճառքի՝ ռուս-ադրբեջանական 4 միլիարդանոց գործարքի կնքումից հետո: Եվ եթե մի քանի ամիս առաջ Հայաստանում տեսակետ կար, որ Ռուսաստանում, կարծես թե, հասկացել են Ադրբեջանին չափից ավելի զինելու վտանգները եւ ի պահպանումն հայ-ադրբեջանական զինված ուժերի հակակշռի` պատրաստվում են Հայաստանին վաճառել «Իսկանդեր Մ» տիպի հրթիռներ, ապա ներկայումս արդեն որեւէ մեկը չի խոսում իսկանդերների մասին: Փոխարենը սեպտեմբերի 1-ին Բաքու այցելած Սերգեյ Լավրովը, ըստ էության, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման նոր, հրապարակային առաջարկ արեց` Ի. Ալիեւին հրավիրելով Նիժնի Տագիլում այսօր մեկնարկելիք ռուսական ռազմական զինտեխնիկայի RAE 2015 ցուցահանդեսին:

Այնպես որ, առաջիկայում եւս պետք չէ սպասել Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացի իրական առաջխաղացման, քանզի թե՛ Ռուսաստանը, շարունակաբար զենք վաճառելով, եւ թե՛ Արեւմուտքը, Ադրբեջանի բռնապետ ղեկավարությանը համապատասխան պատժամիջոցների չենթարկելով, շարունակում են նպաստել տարածաշրջանային հավասարակշռության խախտմանը:




Լրահոս