Հայաստանի իշխանություններն իրենց վասալային մտածողությամբ կարծես թե առաջիկայում մեր երկիրը ներքաշելու են հերթական միջազգային սկանդալի մեջ: Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: Ինչպես հայտնի է` Աքսյոնովի անունը ներառված է միջազգային պատժամիջոցների ցուցակում, եւ նրա մուտքն արգելված է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԵՄ երկրներում: Ընդ որում, ուշագրավ է, որ խոսքը գնում է Աքսյոնովի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության մասին` «Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովի» շրջանակներում:
Ու թեեւ երեկ ողջ օրվա ընթացքում Հայաստանի պետական կառույցները` սկսած ԱԳՆ-ից, ավարտած նշված համաժողովը կազմակերպող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությամբ, այդպես էլ խուսափեցին հստակ պատասխան տալուց՝ արդյոք Հայաստանից եղել է պաշտոնական հրավեր` ուղղված Ղրիմի ղեկավարին, այդուհանդերձ այս լուրն արդեն իսկ լայն տարածում է գտել միջազգային մամուլում, այդ թվում եւ ուկրաինական, որտեղ, բնականաբար, դա ցավոտ է ընդունվել:
Եվ եթե իրապես Հայաստանից չի եղել Ղրիմի ղեկավարին ուղղված հրավեր, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու են ՀՀ պատկան մարմինները հապաղում այդ մասին հստակ եւ միանշանակ ասել: Օրինակ` նույն ՏԿԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանը այս կապակցությամբ «Ազատությանն» ընդամենն ասել է.«Դեռ ճշտված չէ՝ ովքեր են գալու, դեռ ճշտված չէ՝ դա լինելու է, թե չի լինելու, ո՞նց կարող ենք ասել, որ այդ մարդու այցը կա կամ չկա»: Ասել է թե` ծուխն այս դեպքում էլ, կարծես թե, առանց կրակի չէ:
Իսկ Հայաստանի ինչին է պետք այս իրավիճակում նման ավանտյուրայի մեջ մտնել. այս հարցը չունի որեւէ ողջամիտ պատասխան, բացի այն, որ ՀՀ իշխանություններին նման քայլի դիմելու հրահանգ է իջեցվել Կրեմլից: Ճիշտ այնպես, ինչպես որ հայկական պատվիրակությանը հրահանգվեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված բանաձեւին դեմ քվեարկել` համալրելով Ռուսաստանից կախված հետամնաց տասը այլ երկրների շարքը: Եվ եթե այդ քվեարկության դառը պտուղները Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս քաղում է` տարբեր միջազգային կառույցներում իր նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսեւորումների տեսքով, ապա Աքսյոնովի այցելությունից հետո արդեն այդ դրսեւորումները կստանան նոր եւ մեզ համար շատ ավելի անցանկալի, առարկայական տեսք: Իսկ, որ ամենացավալին է, այդպես էլ պարզ չի դառնում, թե մենք Ռուսաստանի այդ որ դրական քայլի համար ենք այդպես փոխհատուցում: