ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացումը հատկապես մշակութային եւ տնտեսական ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Իգոր Նազարուկին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք համատեղ ծրագրերի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ դրանով առավել կամրապնդվեն հայ-բելառուսական երկկողմ կապերը:
Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը` զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: