Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին «քցել» են. նա դատի է տվել քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին «քցել» են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պատգամավորը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ պահանջելով իր հասանելիք հողատարածքը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հունվարի 31-ին ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին «Քաղաքային ունիվերսալ բազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որի հիմնադիրներից մեկն ինքն է, կնքվել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր: Արդյունքում, ԱԺ պատգամավորը «Քաղաքային ունիվերսալ բազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից որպես սեփականություն ձեռք է բերել Երեւան քաղաքի էրեբունու համայնքի Արին Բերդի 14 հասցեում գտնվող պահեստային բազան, որը բաղկացած է եղել 28601.5 քմ րնդհանուր մակերեսից, եւ սեփական հողամաս՝ 6.4225 հեկտարից:

Ավելի ուշ՝ 2013թ., պատգամավորը պարզել է, որ փաստացի հողամասի չափը զգալի տարբեր է փաստաթղթով ձեռք բերվածից: Վերջինս համոզված է եղել, որ Կառավարության որոշմամբ ձեռք է բերել սահմանված չափով հողամաս, սակայն փաստորեն ձեռք է բերել ավելի փոքր չափի հողամաս, որի գինը պետք է կազմեր զգալիորեն ավելի քիչ գումար, քան նա վճարել է: Նշենք, որ ձեռք բերած հողատարածքի համար պատգամավորը վճարել է 27 միլիոն 170 հազար դրամ:

Նկատենք, որ Աբրահամ Մանուկյանը գործարքը կատարել է 2006 թվականին եւ դատարան է դիմել 10 տարի անց միայն: Հետաքրքիր է՝ պատգամավորը մինչ այդ չի՞ հասկացել, որ իրեն պակաս հողատարածք են տրամադրել: Ստացվում է, որ ոչ:
Իսկ ինչպես է հասկացել, որ իրենղ «խաբել են»: Պարզվում է, որ 2013 թվականին պատգամավորը որոշել է իր գնած հողատարածքում անհրաժեշտ չափագրումներ իրականացնել եւ այդ ժամանակ էլ գլխի է ընկել, որ իրեն «քցել» են: Ասել է թե՝ փաստաթղթերով իրեն մեծ չափերով հողատարածքի թվեր են ներկայացրել, մինչդեռ իրականում այն փոքր է:

Եվ, ահա, ստեղծված իրավիճակից ելնելով՝ Աբրահամ Մանուկյանը դիմել է Կենտրոն դատարան` պահանջելով Երեւանի քաղաքապետարանին իրեն ոչ լիարժեք տրված ապրանքը լրացնել: Արդյունքում գործը նախագահող դատավոր Ռուբեն Ներսիսյանը 8 ամիս տեւած դատաքննությունից հետո վճիռ է կայացրել ԱԺ պատգամավորի հայցը բավարարել եւ պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին, որ Աբրահամ Մանուկյանին հատկացնեն 2005թ-ից Կառավարության որոշմամբ նախատեսված 6.4225 հողամասի դեռեւս չտրված` 0.4380 հողատարածքը:
Տպավորությունն այնպիսին էր, որ Աբրահամ Մանուկյանը դատարանի միջոցով հասել է իր ուզածին, սակայն Երեւանի քաղաքապետարանը չի հաշտվել Կենտրոնի դատարանի որոշման հետ եւ որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Արդյունքում էլ վերաքննիչ դատարանի դատավորներ Ն. Բարսեղյանը, Հ. Ենոքյանը, Գ. Մատինյանը որոշել են Երեւանի քաղաքապետարանի բողոքը բավարարել եւ գործն ուղարկել Կենտրոն դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար:
Ասել է թե՝ պատգամավոր եւ քաղաքապետարան կռիվը նոր ընթացք է ստանում: Կենտրոնի դատարանում այս գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Չեմ կարծում, որ ինձ դիտավորյալ են քիչ տարածք հատկացրել, սակայն փաստաթղթերով այլ տվյալներ գրել: Կարծում եմ՝ այն ժամանակվա չափագրումները տեխնիկական այլ միջոցներով են արել, հիմա տեխնիկական այլ միջոցներ կան: Ամեն դեպքում մեխանիկորեն 3000-5000 քառակուսի քիչ են տրամադրել: Կենտրոն դատարանը իմ օգտին վճիռ կայացրել է, տեսնենք, թող էլի քննեն, փաստաթղթերն ուսումնասիրեն եւ կտեսնենք, թե ինչ կլինի: Համենայնդեպս, այս ամենում հարյուր տոկոս ես դիտավորություն չեմ տեսնում»:
Ո՞ւմ օգտնին որոշում կկայացնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, եւ արդյո՞ք ԲՀԿ-ական պատգամավորը կստանա իրեն հասանելիք հողատարածքը, դեռ վաղ է ասել: Սպասենք դատարանի վճռին:

Քնար Մանուկյան




Լրահոս