Անցած շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանի` ՀՀ ճանապարհային ոստիկանությունում անցկացրած խորհրդակցությունը բավականին ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` այն, որ ՃՈ-ում այս խորհրդակցությունն անցկացնում էր հենց Ս. Սարգսյանը, այլ ոչ թե, օրինակ, ՀՀ ոստիկանապետը. իհարկե, առաջին անգամը չէ, որ Ս. Սարգսյանն իր «բանուգործը թողած»` գնում է այս կամ այն գերատեսչություն եւ այնտեղ խրատահանդիմանական բնույթի ելույթներ ունենում: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ են նրա դաստիարակչական «ապտակները» դատախազության կամ ոստիկանության ղեկավարության հետ անցկացրած խորհրդակցություններում, եւ նույնքան ակտուալ է նաեւ հարցադրումը, թե ինչ փոխվեց դրանից հետո: Իսկ պատասխանը, ցավոք, բոլոր դեպքերում էլ նույնն է` ոչինչ:
ՃՈ-ում անցկացված այս խորհրդակցությունը, սակայն, ուշագրավ էր այն առումով, որ տեսախցիկների եւ արագաչափերի բիզնեսը կապվում է հենց Սարգսյանի մտերիմների անվան հետ, եւ այս հարցում հանրությունում առկա դժգոհությունների գերակշիռ մասը ուղղակիորեն, համապատասխան հիշատակումների տեսքով ուղղվում է անձամբ Ս. Սարգսյանի հասցեին: Ուստի այս իմաստով, թերեւս, տեղին էր նրա նախաձեռնությունը` անձամբ միջամտելու եւ հասկանալու, թե ՃՈ-ում ինչպես, ինչ ծավալներով եւ ինչ համամասնություններով է իրականացվում մարդկանցից գումարներ «պոկելու» գործընթացը, եւ ամենակարեւորը` ինչքանով է ինքը կամ իր վերահսկողական ծառայությունը տեղեկացված այդ գործընթացի իրական ծավալների մասին: Պատահական չէ, որ Ս. Սարգսյանը կարեւորեց մթնոլորտը փոխելու գործընթացը.«Մենք շատ կարեւոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարեւորն է, եւ պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձեւավորել ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցների մոտ՝ հենց այդ գրանցումների հետ կապված»,- ընդգծեց Սարգսյանը՝ առանց պարզաբանելու, թե ինչպես են կարողանալու, օրինակ, թոշակառու վարորդի մոտ դրական վերաբերմունք ձեւավորել իր թոշակի կեսը մեկ խախտման համար գանձող ՃՈ համակարգի հանդեպ:
Փոխարենը երկրի թիվ մեկ պաշտոնյան որոշել էր բարձրաձայնել շարքային տրանսպորտային մասնագետների դիտարկման մակարդակի հարցեր` արդյոք «հոծ գիծը տրորելը» «չնչին խախտում» է, թե ոչ: Սա գուցե եւ վարորդների մեծ մասի համար չափազանց կարեւոր հարց է, բայց միթե դրանով պետք է զբաղվի երկրի նախագահը, միթե պատերազմական վիճակում գտնվող, օրեցօր փլուզվող տնտեսությամբ Հայաստանի ղեկավարը պետք է բարձրաձայնի նման հարցերի մասին: Եթե այո, ապա ինչի համար են այդ դեպքում այն բազմաթիվ եւ բազմաստիճան պաշտոնյաները, որոնք վարձատրվում են հենց նմանօրինակ մանր հարցերին խելամիտ լուծումներ տալու համար: Եվ մյուս կողմից էլ` եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այս մակարդակի հարցերով, ապա ով է զբաղվում գլոբալ, մեծ կարեւորություն ունեցող խնդիրներով: