Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարող Հայկ Կյուրեղյանը, որն անցած տարվա հունիսին դատարանի բակում կայանած մեքենայի վրա օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ, երեկ դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց խուլիգանության եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:
Նշենք, որ նման ծանր պատժի արժանացած Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին էր պատճառել թեթեւ մարմնական վնասվածք, եւ նրա արարքն ավելի շատ էմոցիոնալ պոռթկում էր, քան ծրագրված հանցագործություն: Եւ նման գերխիստ պատժաչափի նշանակումը չի կարող հարցեր չառաջացնել եւ հանրության մոտ կարծիք չձեւավորել, որ Կյուրեղյանի նկատմամբ կայացված դատավճիռն ավելի շատ հաշվեհարդար էր, քան համարժեք պատիժ: Առավել եւս, երբ մենք պարբերաբար ականատես ենք լինում տարբեր տրամաչափի պաշտոնյաների, նրանց զավակների, զարմիկների կամ թիկնապահների կողմից իրականացվող բազմաթիվ լկտի, աղաղակող հանցագործությունների, որոնց դեպքում, սակայն, ոչ թե պատժաչափերը համարժեք չեն լինում, այլ դրանք, առհասարակ, բացակայում են, քանի որ մինչ այդ դատախազությունում կամ քննչական մարմիններում գործը կարճում են: Իսկ այն բացառիկ դեպքերում էլ, երբ դա չի հաջողվում, եւ գործը հասնում է դատարան, կայացվում են այնպիսի վճիռներ, որոնց արդյունքում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողը պարզապես դատարանի դահլիճից ազատ է արձակվում:
Օրինակների հետեւից հեռուն գնալ պետք չէ. նույն Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի դեպքը` կապված Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, Խաչատրյանների գերդաստանի կատարմամբ էլի մեկ-երկու «դյուժին» համանման դեպքերը, Ռուբեն Հայրապետյանի կողմից ժամանակ առ ժամանակ այս կամ այն «անհնազանդ» աշխատակցին կամ պարտատիրոջը ծեծի ենթարկելու դեպքերը, կամ անգամ ավելի ցածր տրամաչափի գործիչների, օրինակ՝ Աժ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի կողմից սպանություն պատվիրելու դեպքը: Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել եւ բոլոր այս դեպքերում էլ հանրությունը երբեւէ ականատես չի եղել, որ այս հանցագործություններում կասկածվողների նկատմամբ իրականացվի արժանահավատ քննություն, էլ ուր մնաց` դրանց արդյունքում կայացվի արդար դատավարություն` համարժեք դատավճիռներով:
Եվ այս ֆոնին 31-ամյա Հ. Կյուրեղյանին ամբողջ 9 տարվա ազատազրկման դատապարտելով` իշխանությունները լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ ծայրահեղ դաժանությամբ պատժելու են իրենց քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ընդվզողներին` անգամ փոքր հանցանքի կամ զանցանքի համար, եւ շարունակելու են աչք փակել եւ բոլոր ջանքերը գործադրել` ծանր հանցագործություններ գործած յուրայիններին ու նրանց հարազատներին օրենքով սահմանված պատասխանատվությունից ազատելու համար: