Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը պատրաստվում է թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառումներին: Թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 25-ին: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ շատ կարեւոր է` միջոցառումների ընթացքում այդ 150 տարիների ձեռքբերումների մասին խոսելը եւ հիշեցնելը, թե ինչ լեգենդներ են դուրս եկել թատրոնից:
Ռեժիսորի խոսքով` 150-ամյակին նվիրված ամենակարեւոր իրադարձությունը իրենց թատրոնի մեջ եւս մեկ` Մհեր Մկտրչյանի անունը կրող թատրոնի բացումն է. նոյեմբերին կկայանա առաջնախաղը. «Մեր թատրոնի ներսում մեծ փորձասենյակ կա, որտեղ բեմ է սարքվել, այսինքն` ստեղծվել է թատրոն` թատրոնի մեջ: Այն կծառայի ուսանողներին, ինչպես նաեւ` հենց մեզ. շատ են լինում ներկայացումներ, որոնք փոքր բեմի համար են, սա կլինի լավ տարբերակ»,-ներկայացրեց Լ.Հարությունյանը:
Նրա խոսքով` միջոցառման շրջանակներում իրենք փորձելու են Գյումրու թատրոնի 150-ամյա պատմությունը քաղաքի շրջանակներից դուրս հանել` հյուրախաղերի, գրքերի եւ ֆիլմերի միջոցով:
«Մենք մի մեծ ցանկություն էլ ունենք. երկար ժամանակ է` շուրջ 20 տարի, մեր թատրոնում Շեքսպիր չի բեմադրվել: Ուզում ենք դա բարձր մակարդակով իրականացնել, կարծում ենք` իրավունք ունենք «մոտենալ» Շեքսպիրին»:
Ռեժիսորի վստահեցմամբ` իրենք անում են ամեն բան` 21-րդ դարի պահանջներին համապատասխան թատրոն ունենալու համար: Իսկ նպատակը մեկն է` գյումրեցուն վերադարձնել թատրոն. «Գյումրեցին սոցիալական վատ վիճակից ելնելով` հեռացել էր թատրոնից, հիմա մենք հետ ենք վերադարձնում հանդիսատեսին: Փորձում ենք հաղթահարել այդ խնդիրը: Մարդիկ քաղաքում քչացել են, արտագաղթել են, այնինչ՝ Գյումրին ժամանակին շատ ավելի մեծ բնակչությամբ քաղաք է եղել, փորձում ենք այնպես անել, որ արտագաղթը չազդի թատրոնի վրա, կարծում ենք` եթե ճիշտ աշխատենք, էլ ավելի մեծ թվով հանդիսատեսի կվերադարձնենք մեզ մոտ»,-նշեց Լ.Հարությունյանը:
Աննա Բաբաջանյան