ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ. նրանք ունեն մեծ քանակությամբ վարունգ, սակայն չեն կարողանում այն իրացնել: «Ժողովուրդ»-ին ահազանգած առատաշենցիները հայտնեցին, որ օրեր առաջ մեծ քանակությամբ վարունգ են հավաքել, սակայն ողջ բերքը ստիպված են եղել թափել ճանապարհի մայթեզրերին: Բանն այն է, որ այսօր գյուղացիները ստիպված են 1 կգ վարունգը վաճառել 30-40 դրամով, ինչը բերքի տեղափոխման եւ շուկայում տեղերի համար տրվող գումարի ծախսն է մի կերպ փակում: Իսկ Էջմիածնի պահածոների գործարանն ու «Արտֆուդ»-ն էլ հրաժարվում են առատաշենցիներից վարունգ մթերել՝ պատճառաբանելով, որ այլ գյուղացիների հետ արդեն կնքած պայմանագրեր ունեն:
Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ գյուղացիները ներքին շուկայում արդեն չեն կարողանում իրացնել իրենց ունեցած վարունգը: Պատճառը՝ այս բանջարեղենով շուկայի հագեցվածությունն է: «Փաստացի ես հիմա ընկել եմ դռնեդուռ, որպեսզի վարունգի համար սպառող գտնեմ: Իսկ բնակիչները մեծ քանակությամբ վարունգ ունեն: Շուկան հագեցած է տեղական աշնանային վարունգով, իսկ սպառող չկա: Մարդիկ չեն կարողանում իրացնել այն, որովհետեւ գնորդ չկա»,- վրդովված նկատեց գյուղապետը:
Նրա խոսքերով՝ այսօր տեղական շուկայում մեկ կիլոգրամ վարունգը վաճառվում է 30-40 դրամով: Մի քանի օր առաջ վարունգի գինը բարձր է եղել, հետո կտրուկ ընկել: «Մի քանի օր առաջ վարունգը վաճառվել է 100, 110-150 դրամով: Ի դեպ, այս խնդրի առաջ կանգնած են նաեւ նույն մարզի Արշալույս, Սամաղար, Խորոնք, Արտիմետ, Հայթաղ գյուղերի բնակիչները»: Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի պատմելով՝ գյուղացիներից շատերը բերքի մեծ մասը թափում է դաշտերում:
Նշենք, որ այս տարածաշրջանի բնակիչները, սովորաբար, ամեն տարի հացահատիկի, ձմերուկի մշակությունից հետո սկսում են աճեցնել «աշնան վարունգը», որից ստացված եկամուտով կարողանում են ապրել մինչեւ խոր աշուն: Առատաշենի գյուղապետ Հարությունյանի պատմելով՝ արդեն վեց տարի է, ինչ իրենք եւ հարակից համայնքների բնակիչները հմտացել են վարունգի եւ այլ բանջարեղենի մշակության գործում: Այդ պատճառով էլ այս տարածաշրջանում մարդիկ ամեն տարի ունենում են մեծ քանակությամբ վարունգ, պղպեղ, սմբուկ, սակայն իրացնելու ժամանակ կանգնում են լուրջ խնդրի առաջ:
Նկատենք, որ մթերման խնդիրը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման թիվ մեկ խոչընդոտն է, որը վերացնելու ուղղությամբ, սակայն, այդպես էլ անցած քսանհինգ տարիներին գործուն քայլեր չձեռնարկվեցին: Եւ որքան էլ ամեն տարի ՀՀ գլխավոր գյուղատնտես Սերգո Կարապետյանը հավաստիացնում է, թե այս անգամ գյուղացիները մթերման խնդիր չեն ունենալու, աշնան գալու հետ ամիսներ շարունակ հողի հետ կռիվ տված մարդիկ դարձյալ հայտնվում են կոտրած տաշտակի առաջ, այնպես, ինչպես ներկայումս առատաշենցիները, որոնք, փաստորեն, գերադասում են իրենց բերքը թափել դաշտերում, քան թե այն «ջրի գնով» իրացնել: Եվ եթե ավելացնենք նաեւ այն, որ տարածաշրջանի բնակիչների գերակշիռ մասը ունի վարկային մեծ պարտավորություններ, որոնք չի կարողանում ժամանակին կատարել, ապա այս տխուր պատկերը ամբողջական կդառնա: Ներկայումս ՀՀ մարզերում կան գյուղեր, որոնք ամբողջական կազմով հայտնվել են բանկերի «սեւ ցուցակներում»:
Ի դեպ, դժգոհող գյուղացիների խոսքերով՝ նախորդ տարի իրենք նման խնդրի առաջ չեն կանգնել, որովհետեւ կարողացել են ներքին շուկայում ինչ-որ կերպ իրացնել եղած բերքը: Իսկ այս տարի ոչինչ չի ստացվում. վերամշակող ընկերությունները հրաժարվում են վարունգ ընդունել՝ պատճառաբանելով, որ իրենք սահմանափակ քանակություն են ընդունում եւ արդեն իսկ ունեն բնակիչների հետ կնքած պայմանագրեր: «Մեր գյուղից ոչ մի բնակիչ երբեւէ պայմանագիր չի կնքել պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ: Եւ երբեւէ նման ընկերություններից ոչ մի ներկայացուցիչ չի եկել գյուղ ու մթերելու առաջարկ արել»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Առատաշենի բնակիչ Համազասպը:
Այս խնդրով Առատաշենի բնակիչները չեն դիմել մարզպետարան եւ գյուղատնտեսության նախարարություն, քանի որ հույս չունեն, որ այս կառույցներում իրենց հուզող հարցին լուծում կտան: Գյուղի բնակիչներից Հարությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «Եկեք ու մեր գյուղի դաշտերում ման եկեք. կտեսնեք, թե գյուղացիները ինչքան վարունգ են թափել դաշտերում ու ճանապարհի մայթերին: Քանի տոննաներով վարունգ կա թափված: Մենք շիվարել ենք, չգիտենք, թե ինչ անենք եղած վարունգի հետ: Գարնան սկզբին մեր գյուղնախարարը կոչ արեց, մարդկանց հավաքեց իրար գլխի ու հայտարարեց, որ դուք խնդիր չունեք. պահածոների գործարանները կաշխատեն, կընդունեն, կմթերեն, բայց այսօր մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ: Ոչ մի նման բան չկա: Մի մեծ մեքենա վարունգ էինք ուզում թափել ճանապարհին եւ մայրուղին փակել»,- նշեց Հարությունը:
Իսկ տարեց գյուղացիներից մեկն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց. «Ժամանակին, երբ գյուղնախարարը «Արտֆուդ» ընկերության տնօրենն էր, մենք այդ ընթացքում լոլիկ էինք վաճառում այդ ընկերությանը: Բայց ամբողջ ձմեռ գնում էինք, որ մեր հանձնած լոլիկի գումարները հետ վերադարձնեինք: Իսկ հիմա մեր գյուղում մի փոքրիկ շուկա ունենք, եւ օրվա որ ժամին էլ գաք, կտեսնեք, որ բոլոր վաճառողներն էլ ողջ օրվա ընթացքում կանգնած են ու չեն կարողանում վաճառել իրենց ապրանքը, որովհետեւ գնորդ չկա: Ե՛ւ իրենք են թոռոմել, ե՛ւ վարունգները»:
Նշենք, որ առատաշենցիները վարունգի մթերման առաջարկով դիմել են ե՛ւ Էջմիածնի պահածոների գործարան, ե՛ւ «Արտֆուդ» ընկերություն, սակայն նշված ընկերությունները հրաժարվել են մթերել այն: Էջմիածնի պահածոների գործարանը զբաղվում է միայն լոլիկի մթերմամբ, իսկ «Արտֆուդ»-ից էլ գյուղացիներին հայտնել են, որ արդեն կնքած պայմանագրեր ունեն:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ դիմեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին, որը խոստացավ զբաղվել այս հարցով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ