ՀՀԿ-ն ցանկանում է Հայաստանը սուլթանա՞տ դարձնել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից առաջ կապի եւ տրանսպորտի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե անցումը խորհրդարանական համակարգին ինչ կտա Հայաստանին, ասել է.«Առաջինը՝ մի ընտրություն պակաս կլինի, որը ինձ համար շատ կարեւոր է: Իսկ Դուք գիտեք մեր ժողովրդին. հակամարտությունները սկսվում են ընտրությունների ժամանակ, եւ հետո յուրաքանչյուր ընտրությունից հետո չեն մոռանում, շարունակում են, որը ես համարում եմ անընդունելի: Ընտրությունների քանակը սահմանադրական փոփոխություններից հետո կրճատվում է, դա արդեն շատ լավ է»:

Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանի ներկայացրած այս արտառոց հիմնավորումը բազմիցս, փոքր-ինչ ավելի քաղաքագիտական փաթեթավորումներով ներկայացրել են այլ կարկառուն ՀՀԿ-ականներ: Եվ անգամ մասնագիտական քննարկումների ժամանակ էլ իրավաբանի կրթություն ունեցող որոշ հանրապետականներ հենց հետ ընտրական բախումներից խուսափելու նպատակով են փորձել արդարացնել համաժողովրդական ընտրությունները մեկով կրճատելու մոտեցումը: Մինչդեռ իրականում քիչ թե շատ իրավական եւ քաղաքագիտական գիտելիքներ ունեցող մեկի համար նման հիմնավորումը պետք է որ ամոթալի լիներ, առավել եւս, որ համաժողովրդական ընտրությունները, ասել է թե` ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանության իրացման իր իրավունքի կրճատումը ոչ այլ ինչ է, եթե ոչ կոպիտ հետքայլ ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից:

Ինչ են ասում հանրապետականները. որքան քիչ համապետական ընտրություններ լինեն, այդքան քիչ հետընտրական բախումներ կլինեն: Այդ դեպքում գուցե առհասարակ անցնենք միապետական կարգերի՞, Հայաստանը դարձնենք սուլթանատ, որտեղ ընդհանրապես ընտրություններ չկան, հետեւաբար, չկան նաեւ հետընտրական բախումներ:
Փոխանակ կատարելագործելու ընտրական մեխանիզմները եւ ապահովելու ժողովրդի` ազատ եւ արդար ընտրության իրավունքը, հանրապետականները, փաստորեն, չեն էլ թաքցնում իրենց ոգեւորությունը` այդ իրավունքը սահմանափակելու գործում: Ի վերջո, ինչից են առաջանում հետընտրական բախումները` ընտրությունների շարունակական եւ համատարած կեղծման արդյունքում: Եվ եթե հանրապետականներին այդքան մտահոգում են հետընտրական բախումները, ապա թող նրանք գոնե մեկ անգամ չկեղծեն ընտրությունները եւ թույլ տան, որ ժողովուրդն իրացնի գործող եւ նաեւ առաջարկվող Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, հանրապետականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել նման հեռանկարի հետ, ապա ժողովրդավարական սկզբունքներից այսպիսի հետքայլերը գոնե թող փորձեն անցկացնել անաղմուկ, այլ ոչ թե դրանք ներկայացնեն որպես ամենամեծ ձեռբերում: Մի տեսակ անհարմար է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցող ուժի համար:




Լրահոս