
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Անկախության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է շնորհակալագրով, այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունից:
«Մեր ազգային տոնի հետ կապված երեք զգացում եմ ունենում՝ շնորհակալության՝ անկախությունը կերտողների, այն մեզ նվիրողների նկատմամբ, պատասխանատվության՝ բոլորիս համար և աղոթք՝ սահմանին կանգնած զինվորի կյանքի ու առաղջության համար»,- ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր կարողություններին ու հնարավորություններին համապատասխան պետք է ծառայի անկախ Հայաստանի, մեր ազգի ու պետականության համար:
Երկարամյա ծառայության համար նախարարի շնորհակալագրով պարգևատրված նախարարության աշխատակից, քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասարդյանի խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է գիտակցել անկախության գինը: «Մեր նախնիները երազել են անկախության, պետականության կառուցման համար. այսօր այն մեզ տրված է, բայց մեր վերջնական նպատակին հասնելու համար դեռ շատ անելիք ունենք»,- ասել է Հասմիկ Նավասարդյանը՝ սերունդներին մաղթելով ուժ ու եռանդ պետականաշինության գործում հաջողության հասնելու համար: