«Ոչ մեկին չի հետաքրքրում` Շմայսը պատգամավոր կդառնա համամասնականով, թե մեծամասնականով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին դեռևս շարունակվում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության (ԳՀԲՀ) կազմակերպած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. հանրաքվե – արտահայտվելու ազատությունը» խորագրով հանրային քննարկումը:

Քննարկմանն ընթացքում բոլորը հիմնականում նշում էին, որ այս գործում շատ կարևոր է հանրային իրազեկվածությունը, որպեսզի հասարակությունն իմանա, թե այս փոփոխություններով իրեն ինչ է սպասվում: Փաստաբան Հայկ Ալումյանը քննարկման ժամանակ նշեց, որ մշտապես խոսվում է միայն քաղաքական բլոկի փոփոխությունների մասին:

«Սկզբունքորեն կողմ եմ, որ ԱԺ-ն ձևավորվի համամասնական ընտրակարգով, ես կքվեարկեի այդ փոփոխության օգտին: Սակայն կա 58 հոդվածը, որին դեմ եմ և որն ասում է, որ սեփականությունից մարդուն կարելի է զրկել առանց դատարանի, ո՞նց եք դրան վերաբերվում: Ինձ համար դա միանշանակ ընդունելի չի,  կտրականապես դեմ եմ սեփականության իրավունքի փոփոխությանը: Ես իմ համոզմունքներին հակառակ քվե եմ տալու, եթե այո քվեարկեմ», – նշեց նա:

Նրա խոսքով` հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է  կարողանա առանձին-առանձին քվեարկել, հավելելով` բնական է, որ  քաղաքական կուսակցությունները միայն քննարկում են քաղաքական բլոկը:  «Քաղաքական կուսակցությունների համար առաջարկվող փոփոխությունները նույնն են, իրենց համար կարեւոր է՝ համամասնական է լինելու, թե մեծամասնական, երկրորդ փուլ լինելու է, թե չէ, կայուն մեծամասնություն լինելու է, թե չէ: Իրենց միայն դա է հետաքրքրում», – ընդգծեց նա:

Սակայն ներկաներից մեկը հակադարձեց. «Ընտրացուցակները լինելու են ռեյտինգային: ՀՀԿ-ն դնելու է իր ցուցակը, օրինակ, Սյունիքի մարզպետը, որը իրենց համար շատ լավ աշխատել է, այդ մարզպետը ցուցակում բարձրանալու է վերև: Նույն սկզբունքով ընտրվելու են մյուսները: Մենք չգիտենք Սահմանադրության լավ կետերը ինչի են վերածվելու:

Հայկ Ալումյանն էլ պատասխանեց. «Համամասնականը լավ մոդել է:  Ոչ մեկին չի հետաքրքրում՝ Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը պատգամավոր համամասնականով կդառնա, թե՞ մեծամասնականով: Հանրությանը դա քիչ է հետաքրքրում»:




Լրահոս