Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե «ովքեր կփորձեն կեղծել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իմացեք, որ «Ոչ»-ի ճամբարից են»: Ըստ պատգամավորի` «ակնհայտորեն կա մի հատված, որը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճակատն օգտագործում է անձնական շահերի համար»:
Armlur.am-ի հետ զրույցում «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ իրենց խնդիրը լինելու է հնարավոր կեղծիքները կանխելը:
«Անկեղծ ասած եթե Մինասյանը նման բան է ասել, ուրեմն ինքն էլ է վարակվել իշխանական շրջանակներում տարածված հայտնի ցինիզմ հիվանդությամբ: Ես մեծ ցավ ապրեցի, որովհետև Մինասյանին միշտ ադեկվատ գործիչ եմ համարել: Իրականում Հայաստանում երեք տարեկան երեխան էլ գիտի, որ ՀՀԿ-ն որևէ ընտրություն առանց կեղծիքի չի անցկացրել, ու սա ևս բացառություն չի լինելու: Մեր խնդիրը հնարավոր կեղծիքները կանխելն է լինելու»,- ընդգծեց «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներից Արմեն Մկրտչյանը:
Հարցին` ո՞վ է «Ոչ»-ի ճամբարը օգտագործում անձնական շահերի համար, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Չգիտեմ անկեղծ ասած, բայց «Ոչ»-ի ճամբարը շատ լայն հասկացություն է: Պետք չէ «Ոչ»-ի կողմնակից ուժերին համարել մի միասնական դաշինք, ուստի տասնյակ ուժեր կան, ես չեմ կարող ասել թե որը ինչ մոտիվացիայով է ոչ-ի կողմնակից, առավել ևս չեմ կարող ասել թե Մինասյանն ում ի նկատի ունի»:
Դիտարկմանը` այսինքն` «Ոչ»-ի ճամբարում մի նպատակի շու՞րջ չեն համախմբված, «Հայազն» կուսակցության անդամն ասաց` նպատակը բնականաբար Սահմանադրական փոփոխությունների անցկացումը թույլ չտալն է. «Բայց ամեն ուժ մի մոտիվացիայով է շարժվում. օրինակ որոշ ուժեր դեմ են փոփոխություններին, որովհետև այս սահմանադրությունը համարում են իդեալական, մյուսները դեմ են, որովհետև Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են առաջարկում, մյուսները դեմ են որովհետև փաթեթն են հակապետական համարում և այլն»:
Քրիստինա Աղալարյան