Հայկական ավանդական սուջուխն ու բաստուրման կարտահանվեն ռուսական շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք արտադրող և/կամ վերամշակող տնտեսավարողները կարող են վերսկսել 72 C և ավելի բարձր ջերմաստիճանում վերամշակված մսամթերքի արտահանումը ՌԴ:

Հիշեցնենք. որ մսամթերքի արտահանումը ՌԴ արգելվել էր դեռևս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով:

Բանակցությունների արդյունքում այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաև հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը և սուջուխը:

Արտահանման վերսկսման հիմք են հանդիսացել ռուս գործընկերների հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունները, ինչպես նաև երկրում տիրող անասնահամաճարակային կայուն իրավիճակը:

Շարունակվում են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ համատեղ աշխատանքները՝ կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման ծավալներն ընդլայնելու և շուկայում հայկական բրենդի ուրույն դիրքն ապահովելու ուղղությամբ:




Լրահոս