Եթե առաջնորդվենք Լևոն Մարտիրոսյանի տրամաբանությամբ, ապա Հայաստանի Սահմանադրությունը գրեթե ամբողջությամբ «մեռելածին» փաստաթուղթ է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականների ցուցակով ԱԺ-ում հայտնված ՄԻԱԿ ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը ԱԺ-ում Սահմանադրության նոր նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ բավականին տարօրինակ հայտարարությամբ` ասելով, թե առաջարկվող նախագծում կան «մեռելածին դրույթներ»` որպես օրինակ նշելով պատգամավորների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: «Ինչո՞ւ, օրինակ, գիտամանկավարժական գործունեությունը ավելի ընդունելի է մեզ համար, որպեսզի որեւէ մի պատգամավոր դրանով զբաղվի եւ եկամուտ ստանա, իսկ, օրինակ, գործարարությամբ զբաղվելը պիտի ընդունելի չլինի», – հայտարարեց Մարտիրոսյանը:

Ավելին՝ տասնյակ գործարար պատգամավորներ ունեցող իշխող խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ Աժ-ում չի եղել որեւէ դեպք, երբ գործարար պատգամավորները այս կամ այն կերպ ազդեին, որ ընդունվող օրենքները բխեին իրենց բիզնես-շահերից: Իհարկե, իրականում եղել են դեպքեր, երբ գործարար պատգամավորները ոչ միայն ազդել են, այլեւ կարողացել են հիմնովին փոխել իրենց բիզնես-շահերին խանգարող օրենսդրական նախագծերը, սակայն զուտ իր պատգամավորական գործունեության տարիների ընթացքում Մարտիրոսյանն իրավացի է, նման դեպք հիշելը դժվար է: Եվ հենց այստեղ է ամենամեծ խնդիրը, քանի որ եթե Աժ-ում առկա մեծաթիվ գործարար պատգամավորներն անգամ չեն փորձում ազդել իրենց բիզնես- շահերից չբխող օրենքների ընդունման գործընթացի վրա, դա նշանակում է, որ նրանք գտնվում են իշխանությունների բացարձակ ճնշումների ներքո եւ Ազգային ժողով են եկել բոլորովին այլ նպատակներով: Իսկ եթե Աժ-ի գործարար պատգամավորներն ուղղակի առիթ չեն ունեցել այս կամ այն օրենքը փոխելու համար ջանքեր գործադրելու, դա էլ նշանակում է, որ ի սկզբանե ԱԺ-ում ներկայացված օրենքների մեծամասնությունն կոչված է սպասարկելու հենց գործարար պատգամավորների շահերը:

Երկու դեպքում էլ գործարար պատգամավորների գոյությունն Ազգային ժողովում խոսում է Հայաստանում քաղաքականության ու բիզնեսի սերտաճածության մասին, ինչի փոփոխությունն, ըստ Լեւոն Մարտիրոսյանի, պետք է արվի ոչ թե գործարար պատգամավորների մուտքը Աժ սահմանադրորեն արգելելով (մի բան, որն, իրոք, դե ֆակտո չի գործում), այլեւ քաղաքացիների ընտրության իրավունքը հարգելով.«Ընտրողները պետք է պահանջեն պատգամավորից պրոֆեսիոնալ լինել, իրենց իրավունքները պաշտպանել, իրենց լավագույնս ներկայացնել»,-ասում է Մարտիրոսյանը: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանի նախկին օգնականը տեղյակ չէ, թե Հայաստանում ինչպես են ընտրություններն անցկացվում, եւ դժվար է հավատալ, որ նա չի գիտակցում նման հայտարարությունների «մեռելածին» բնույթը:

Եվ մի բան էլ. եթե առաջնորդվենք Մարտիրոսյանի տրամաբանությամբ եւ Սահմանադրությունից հանենք բոլոր այն արգելքները, որոնք մեր իրականությունում շրջանցվում են եւ չեն գործում, ապա կստացվի, որ Հայաստանի Սահմանադրությունը գրեթե ամբողջովին «մեռելածին» փաստաթուղթ է:




Լրահոս