ՔՆՆԻՉԸ ԽՈՍՏԱՑԱՎ, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին իրականում սպանել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց  նրա հայրը` Սլավիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Սարգսյանների ընտանիքը բնակվում է Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում: Այս գործով քննիչ Սարգիս Մարգարյանը մահացած աղջկա հարազատներին դեռեւս նախաքննության ժամանակ վստահեցրել է, որ ամեն ինչ կանի` գտնելու եւ պատժելու իրական հանցագործին: Սակայն Սարգսյանները պնդում են, որ քննիչը ոչ միայն ոչինչ չի արել, այլեւ հանցագործին օգնել է Հայաստանից փախչել: Աղջկա հարազատները պահանջում են կրկին նախաքննություն անցկացնել եւ պատժել իրական հանցագործին:
Սարգսյանների ընտանիքն անդառնալի կորստից հետո ուշքի չի գալիս: Հայրը ցավով ու տառապանքով է հիշում այն օրը, երբ սիրելի դուստրը տանից դուրս է եկել ու այդպես էլ չի վերադարձել:
«Ոտքերից դժգոհում էր, ցավում էր: Օրվա մեծ մասը կանգնած վիճակում էր անցկացնում: Պրյանիկի արտադրամասում էր աշխատում… կանգնելուց ոտքերի տակ մազոլներ էին եղել: Որոշեց այդ օրը գնալ բժշկի… գնաց… ու էլ չեկավ:  Վա՛յ, թող ավտովթարի ենթարկվեր… էս ցավը, տառապանքը չեմ կարողանում տանել… ամեն անգամ, երբ այցելում եմ գերեզմանոց, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է գալու հաջորդ շաբաթ օրը, որ նորից գնամ…»,-թաց  աչքերով ասաց Սուսաննայի  հայրը` Սլավիկ Սարգսյանը:
Աղջկա մահվան օրը մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա Սուսաննան  ինքնասպան է եղել, սակայն նրա հայրը ոչ միայն հայտարարում է, այլեւ պատրաստ է ապացուցել, որ իր սիրելի աղջկան սպանել են:
Նրա խոսքով` 31-ամյա հանցագործը երկու տարի շարունակ եղել է իրենց տան «պատվավոր» հյուրը. «Գիտեք, ես նրան երկու տարի խորոված եմ հյուրասիրել, ինքը մեր տան հացն է կերել: Առաջին անգամ այդ տղային հանդիպեցի, երբ իր մեքենան փչացել էր ու թարսի պես փչացել էր հենց մեր տան մոտ: Դե ես էլ օգնեցի, սարքեցինք մեքենան, ու այդ օրվանից հետո  երբ գալիս էր մեր գյուղ, անպայման մտնում էր մեր տուն»:
Սակայն տղայի հաճախակի դարձած այցելությունները սկսել են տհաճություն առաջացնել Սլավիկի մոտ. «Քաղաքավարությունից ելնելով` չէի կարողանում կոպիտ վերաբերվել: Մի բան զգում էր սիրտս: Բայց արի՛ ու տես, գնացինք այդպիսի զոհաբերության: Իսկ հիմա այդ ցավը չգիտեմ, թե ինչ անեմ… կտանեմ ինձ հետ գերեզմանոց: Չեմ կարողանում հանգստանալ, այդ ցավն ուրիշ ցավ է: Հանցագործի պատժվելուց հետո նոր կթեթեւանամ»:
Սուսաննայի հոր ներկայացմամբ` որոշ ժամանակ անց Սուսաննան ու այդ երիտասարդը սկսել են «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով շփվել: Սակայն այդ շփման մասին աղջկա հարազատները տեղյակ չեն եղել: Ավելին, նրանք պնդում են, որ երիտասարդ տղան Սուսաննային դեղերի միջոցով քնեցրել եւ սեռական հարաբերություններ է ունեցել, որից հետո աղջիկը հղիացել է: «Սուսաննայիս մոտ հենց ամուսնության անուն էին տալիս, էդ էրեխեն շատ վատ էր զգում իրեն… անընդհատ կրկնում էր, թե ժամանակը չի: Բայց եւ այնպես այդ երեւույթը (նկատի ունի հղիությունը-Ս. Հ.) որ հետը կատարվել է, նա տեղյակ չի եղել: Վաաաաա~յ, Սուսի՛կ, Սուսի՛կ… Եթե ասեինք, որ մածունը սեւ է, կասեր` հա՛, սեւ է: Չեմ տեղավորվում էս մահվան մեջ: Իր մաքրության համար եմ ես այսքան տանջվում: Քնաբեր են տվել, ու այդ ամեն ինչը կատարվել է հետը: Ափսոս այդ փոքրիկ, անմեղ գառնուկը, որ այսպիսի ճակատագիր ունեցավ, իմ գառնուկն աշնան տերեւի նման ընկավ…»,-հազիվ արտաբերեց հայրը` ձեռքերն անզորությունից հարվածելով ծնկներին:
Սարգսյանների ընտանիքը հիմա պայքարում է, որպեսզի մարդասպանը պատժվի, սակայն քննիչ Մարգարյանը լիովին չի կատարել իր խոստումը. «Մեռնեմ օրենքին, իր խոսքերն են: Ինքը հանցագործից կաշառք է վերցրել եւ ուղարկել Ռուսաստանի Դաշնություն: Մեր գլխի տակ էլ փափուկ բարձ դրեց: Բայց ո՞վ կիմանար, որ ըսենց բան կանի: Ու հիմա ինքը գործը փոխանցել է այլ քննիչի ու տեղափոխվել Մաշտոցի քննչական բաժանմունք: Մարգարյան Սաքոն ոչ թե քննիչ է, այլ հանցագործ, առաջին հանցագործը հենց ինքն է»:
Սուսաննայի հոգեհանգստի արարողությունից յոթ օր անց մահացածի հարազատները Մարգարյանին ներկայացրել են աղջկա ելքային եւ մուտքային զանգերի հեռախոսահամարները: «Մենք ամեն կերպ օգնել ենք քննիչին, նույնիսկ հանցագործի տեղն ենք ցույց տվել: Խոստացավ, բայց ոչինչ չարեց: Ջհուդական վերաբերմունք ուներ քննիչը»,-ներկայացրեց մահացածի հայրը` միաժամանակ հիշելով, որ Մարգարյանը խոստանալու հետ մեկտեղ իրենից պահանջել էր բերել Եղեգնաձորի գինի:
Սարգսյանների համար աղջկա մահվան գործով դեռ շատ մութ հարցեր կան. «Էդ ո՞նց եղավ` էրեխի անձնագրի նկարով էջը պատռած գցած էր կրծքին: Պայուսակը կախված էր ծառից, հեռախոսը չկար ու մինչեւ հիմա էլ չկա: Դրամապանակի գումարը չկար: Կոշիկի մի զույգը մի ուրիշ տեղից ենք գտել, մեկն իր հագին էր: Անգամ մի կաթիլ արյուն չկար տարածքում, չէ՞ որ ավելի քան 80 մետր բարձրությունից էր ընկել: Մեզ մոտ ձորեր շատ կան, եթե մի քերծից մի անասուն ընկնի, պատկերացնո՞ւմ եք, թե անասունի հետ ինչ կլինի: Կտոր-կտոր կլինի»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ այս գործով քննիչ Սարգիս Մարգարյանի հետ, որն ասաց. «Այդ գործի վերաբերյալ նյութերը ես եմ նախապատրաստել, քրեական գործը հարուցվել է իմ կողմից, սակայն տեղափոխվելով այլ բաժին` նախաքննության հետագա կատարումը հանձնվել է մեկ այլ քննիչի: Հիմա ես ոչնչից տեղյակ չեմ»: Իսկ իրեն կաշառակերության մեջ մեղադրելու մասով էլ ասաց, որ դա անհեթեթություն է եւ իրականությանը չի համապատասխանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս