Ինչպես տեղեկացրել ենք՝ 4000-ից ավել քաղաքացիներ օրերս միացել են մեկ նախաձեռնության շուրջ. նրանք պահանջում են չեղյալ հայտարարել «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները եւ Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն ուղղել սահմանամերձ գյուղերին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Էրեբունի-Երեւան 2797» միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է: Երեւանի քաղաքապետարանի լրատվության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ArmLur.am-ին փոխանցել էր, որ միջոցառումները կայանալու են, եւ ծրագիրն էլ կհրապարակվի սեպտեմբերի 30-ին: Այս հայտարարությունից հետո, սակայն, համացանցում կրքերն ավելի թեժացան. հանրության մի ստվար զանգված չի դադարում պնդել, որ կարելի էր գոնե կրճատել տոնակատարության միջոցառումների համար արվող ծախսերը:
Եվ, ահա, իրադարձությունների այս ֆոնին երգչուհի Քրիստինե Պեպելյանը հայտարարեց, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններից գոյացած իր ողջ հոնորարը պատրաստվում է փոխանցել Բաղանիսի գյուղապետարան: Նա նաեւ կոչ էր արել գործընկերներին` հանդես գալ նման նախաձեռնությամբ. «Դուք այսպես ե՛ւ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, ե՛ւ ինչ-որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»,-«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է երգչուհին:
«Ժողովուրդ»-ը շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցիչներից հետաքրքրվեց` ինչպես են վերաբերվում այս նախաձեռնությանը եւ արդյոք իրենք էլ կհետեւեն Քրիստինե Պեպելյանի օրինակին:
Երգիչ Արսեն Սաֆարյանը, ով մասնակցելու է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումների շրջանակում կազմակերպվող համերգին, մեզ հետ զրույցում նշեց, որ, իհարկե, Քրիստինեն լավ քայլ է արել, սակայն ինքն այդ մասին դեռ չի մտածել. «Ընդհանրապես, լավ եմ վերաբերվում նման նախաձեռնություններին, ուղղակի այնպես չէ, որ այսօր ՀՀ-ում համերգները «ծփում են», պետք է հարցը դիտարկել երկու կողմից: Մեզ մոտ երբ ինչ-որ նախաձեռնություն է մեկնարկում, բոլորը «ուռա» են կանչում եւ առաջ գնում, բայց պետք է ռեալ նայել հարցին, ի վերջո, ամեն մեկն այնպիսի որոշում է կայացնում, որը տվյալ պահին իրեն ձեռնտու է»,-ասաց նա:
Մենք նաեւ հարցրինք` ինչ է կարծում երգիչը` երբ սահմանին նման լարված իրավիճակ է, հայկական կողմը զոհեր ունի, արդյոք արժի մայրաքաղաքում տոն կազմակերպել. «Լավ, օքեյ, Նոր տարի էլ մի՛ արեք, ոչ մի բան մի՛ արեք, հա՞, եկեք, ոչ մի տոն չանենք… Եթե կան այնպիսի կազմակերպություններ, որոնք այդքան սրտացավ են ազգի համար, օքեյ, թող ամեն ամսվա աշխատավարձները փոխանցեն սահմանամերձ գյուղեր, կանե՞ն. չեն անի: Եվ հետո` շատ ավելի կարեւոր մարդիկ կան, որոնք պետք է մտածեն այդ մասին, քննարկեն հարցը` սկսած բյուջեի բաշխումից: Ես հեղինակ կատարող եմ. ես որոշող չեմ…Ես համաձայն եմ. թող բոլորը մտածեն ամբողջ Հայաստանի մասին…Հաջորդ տոնը ո՞րն է, թող բոլոր երգիչները Նոր տարվա հոնորարները փոխանցեն, կփոխանցե՞ն»,-բորբոքվեց երգիչը:
Ինչ վերաբերում է այն 4000 քաղաքացիներին, ովքեր միացել են նախաձեռնությանը, Ա. Սաֆարյանը նշեց. «Էդ 4000 հոգին վճարո՞ւմ են, թե՞ միայն ստորագրում են, հետո կարդում են` որ երգիչն ինչ է արել, որ սոցցանցերում քննադատեն…»:
Երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնական օրերին քաղաքում չի լինելու, եւ, այնուամենայնիվ, նա ողջունեց Քրիստինեի քայլը. «Եթե մյուսներն էլ այդպիսի բան անեն, շատ ճիշտ կանեն»,-ասաց նա:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը եւս գովելի համարեց Ք. Պեպելյանի նախաձեռնությունը, բայց միաժամանակ նկատեց. «Կարծում եմ, որ համերգից երգիչների ստացած գումարներն այդքան շատ, զգալի չեն լինի, լավ կլիներ, որ քաղաքապետն էլ մտածեր այդ մասին, պարոն Տարոն Մարգարյանն էլ կարող էր փոխանցում անել. դա էլ է տարբերակ, բայց, իհարկե, երգիչների կողմից էլ սահմանամերձ գյուղերին օգնելը շատ լավ քայլ կլինի»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան