Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ուշագրավ էր հատկապես հայ-ադրբեջանական լարման եւ դրա հանգուցալուծման վերաբերյալ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշման ներկայացման առումով: Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից ողջ աշխարհին տեղեկացրեց եւ նախազգուշացրեց, որ այսպես այլեւս շարունակվել չի կարող. «Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլեւ մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարhող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,-հայտարարեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էլ նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում ասել էր.«Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»: Սարգսյանի այդ հայտարարությունից անմիջապես հետո հայկական զինուժը պատժիչ գործողություններ իրականացրեց Աղդամի շրջանում, որոնց արդյունքում ադրբեջանական կողմն, ըստ ԼՂՀ Պնախարարի, տվել է շուրջ 20 զոհ եւ 60-80 վիրավոր: Եվ, որ ուշագրավ է, ո՛չ այդ գործողության, ո՛չ էլ ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանի արած հայտարարությունից հետո միջազգային հանրության կողմից դատապարտող արձագանք չեղավ: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունն այլեւս բոլոր մակարդակներով ընդունվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն եւ թեւակոխում է նոր` ռազմական լուծումների փուլ:
Ադրբեջանական հրետակոծություններին ի պատասխան՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին Ս. Սարգսյանը հայտարարել էր դեռ անցած հունվարին, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա 9 ամիսները, չնայած բազմաթիվ առիթներին, հայկական կողմն այդպես էլ չիրականացրեց նման հարվածներ: Սրա արդյունքում արդեն ՀՀ-ի ներսում էլ էր մեծանում ներքին ընդվզումն ու քննադատությունը, եւ ավելի ու ավելի հաճախակի էին հնչում հատուցման եւ նախահարձակ լինելու կոչեր: Սակայն միայն այս ներքին գործոնը չէր կարող լինել Ս. Սարգսյանի նշված հայտարարությունների դրդապատճառը: Ակնհայտորեն, այստեղ գործ ունենք աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես Սիրիայում ծավալվող սրընթաց ռազմական գործողությունների հետ, որոնց մասնակիցների շրջանակի ընդլայնումն ու շահերի բախումը նոր մարտահրավերներ, բայց եւ նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար: