«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե իրենց կողմնակիցների մեջ դավաճաններ չլինեին, իրենց թեկնածուն ավելի շատ ձայներ էր հավաքելու:
-Պարո՛ն Պողոսյան, տեսակետ կա, որ Հանրապետական կուսակցության անդամները լավ չեն աշխատել ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչի պատճառով էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը տարբեր տեղամասերում շատ քիչ ձայներ է հավաքել, որոշ տեղերում էլ պարտվել: Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
-Ուղղակի մի բան կարող եմ ասել, որ ժողովուրդը ցանկանում էր փոփոխություն, եւ մեր ներկայացրած այլընտրանքային տեսլականը՝ մեր ծրագիրը, իրենց համար ավելի գայթակղիչ էր, դրա համար էլ ժողովուրդն ընտրեց մեր ծրագիրը:
-Ժողովուրդը միշտ էլ քվեարկել է ընդդիմության ներկայացուցիչների օգտին, բայց իշխանություններին հաջողվել է մշտապես ընտրակեղծիքների, ընտրախախտումների միջոցով վերջում այլ «պատկեր» ներկայացնել: Այս անգամ կարծես չկարողացան ընդդիմության թեկնածուին քիչ ձայներ «նկարել», Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
-Դե որովհետեւ այս անգամ ինչքան կարողացել ենք՝ ընտրակեղծիքները բռնել ենք, մենք ենք լավ աշխատել: Ժողովուրդն էլ ընտրակաշառքի գայթակղությանն ավելի քիչ է ենթարկվել, մենք մեր քարոզարշավով կարողացել ենք էլ ավելի մեծ հավատ ներշնչել: Այդ իսկ պատճառով ժողովուրդը ձայները մեզ է տվել: Իսկ ՀՀԿ-ի հետ կապված՝ ասեմ, որ դավաճանողներ, չաշխատողներ միշտ էլ եղել են: Բոլոր կողմերում էլ դա լինում է, անգամ մեզ մոտ եղել են, որ ձայները պահեին, մենք հիմա մեկ այլ պատկեր կունենայինք: Բայց մենք մեր քարոզարշավով, մեր ներկայացրած ծրագրով կարողացել ենք ավելի ճիշտ ու վստահություն ներշնչող ծրագիր առաջարկել: Այնպես չէ, որ մենք այն կարծիքին ենք, թե ընդհանրապես այս երկրում ոչ ոք Սերժ Սարգսյանին ձայն չի տվել, եղել է ադմինիստրատիվ ինչ-որ խնդիր, եղել են մարդիկ, որոնք քվեարկել են իր համար: Ինձ թվում է, որ մեր այլընտրանքը շատ ավելի հզոր է եղել, այդ իսկ պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք:
-ՀՀԿ-ականներն այժմ էլ շատ ակտիվ կերպով պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին, որոշել են, որ իրենց ընտրացուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ժառանգություն» կուսակցությունն արդեն որոշում ունի՞ այդ հարցում, մասնակցելո՞ւ եք մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին:
-Երեւի ՀՀԿ-ն կարծում է՝ մարդը փորձառություն ունի, գիտի՝ ինչ է նշանակում թաղապետ լինելը, գիտի՝ ինչ է նշանակում քաղաքապետ լինելը: Ես վստահ եմ, որ մենք կունենանք մեր այլընտրանքը: Մենք կունենանք մեր թեկնածուն եւ ամեն ինչ անելու ենք, որ այն սխալները, որ մինչեւ հիմա թույլ ենք տվել, թույլ չտանք ու առաջ գնանք՝ ըստ այդմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս