Նորածինը դուրս է բերվել՝ պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով. Կոտայքի մարզպետարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Աբովյանի ծննդատանը նորածնի մահվան դեպք էր գրանցվել:

Այսօր Կոտայքի մարզպետարանը պարզաբանել է սեպտեմբերի 25-ին Աբովյանի ծննդատանը մահացած ծնված երեխայի դեպքը:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան ախտորոշմամբ։ Ժամը 23.10-ին նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով:

Ըստ որոշ լրատվամիջոցների իբր մահացած նորածինը դրվել է ծննդկանի կրծքին։ Տեղեկացնում ենք, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ինչը փաստում է տվյալ պահին ծնարանում գտնվող ողջ անձնակազմը: Ներկա են եղել մանկաբարձական բաժնի վարիչը, հերթապահ մանկաբարձ գինեկոլոգը, կնոջ հղիության ողջ ընթացքը հսկող տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, հերթապահ մանկաբարձուհին եւ հերթապահ նեոնատոլոգը, որը ելնելով այն հանգամանքից, որ դեռեւս ծննդաբերությունից 10-15 րոպե առաջ պտղի սրտի զարկերը հատուկենտ են լսվել, անմիջապես ամբողջ ծավալով իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ։ Հետեւաբար նորածինը չէր կարող գտնվել մոր կրծքի վրա:

Մարզպետարանը եւ ծննդատան ողջ անձնակազմը ցավակցում են ծննդկանին եւ հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են բժշկական բոլոր փաստաթղթերը»:




Լրահոս