ԲՈՅԿՈՏԱԾՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրությունները: Մինչ այդ, ընտրություններին մասնակից կուսակցությունները պետք է մարտի 11-25-ը գրանցման համար ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները: Փաստորեն, նախագահի ընտրություններից ընդամենը 3 ամիս անց կրկին նոր ընտրություններ են սպասվում. ընդ որում, Երեւանի ավագանու ընտրություններն իրենց մասշտաբներով չեն զիջում համապետական մյուս ընտրություններին: Ուստի ուշագրավ է հատկապես այն քաղաքական ուժերի դիրքորոշումը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին. խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին է: Միայն թե` նշված ուժերից ոչ մեկը դեռեւս չի որոշել` մասնակցելու է արդյոք ավագանու ընտրություններին, եւ եթե այո, ապա ով է գլխավորելու ընտրացուցակը:
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վստահեցրեց. «ԲՀԿ-ում այս հարցի վերաբերյալ որեւէ քննարկում դեռեւս չի եղել: Բայց ԲՀԿ-ն ՀՀ քաղաքական դաշտի ամենածանրակշիռ ուժերից մեկն է, ու հարյուր հազարավոր քաղաքացիների հայացքներ ուղղված են ԲՀԿ-ի կողմը: Այնպես որ, ԲՀԿ հետ կապվող հույսերը միշտ արդարացվելու են այն հնարավորությունների շրջանակներում, որոնց տիրապետում ենք»: Հիշեցնենք, որ 2009թ. ընտրություններում այդ ցուցակը գլխավորում էր այն ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հարություն Քուշկյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Քուշկյանին առաջարկվել է ԲՀԿ ցուցակը գլխավորել նաեւ այս անգամ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրան ընդունում են նաեւ իշխանությունները: Սակայն Քուշկյանն ինքն է հրաժարվել այդ առաջարկից: Եւ հիմա ԲՀԿ-ում թեկնածուների փնտրտուք է: Նախնական զրույցներում մի քանի անգամ հնչել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունը, սակայն նա հակված չէ գլխավորելու ավագանու ցուցակը: Իսկ ԲՀԿ-ում այլ հարմար թեկնածու չկա, եւ որեւէ այլ անուն չի տրվում: ԲՀԿ-ականները պնդում են` առաջիկայում կլինի այնպես, ինչպես որոշի Ծառուկյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, թե իրենք վերջնական որոշում չեն կայացրել, սակայն հակված են մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Մեր հարցին, թե արդյոք Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ չկան այն խնդիրները, որոնք կային նախագահականի ժամանակ եւ պատճառ դարձան, որ ՀՅԴ-ն չմասնակցի դրան, Համբարձումյանը նշեց. «Դրանք տարբեր ձեւաչափեր են, հարկավոր չէ դրանց միջեւ զուգահեռներ անցկացնել: Նախագահական ընտրություններում կա՛մ հաղթում ես, կա՛մ` պարտվում: Իսկ ԱԺ կամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում ես, ձայն ստանում եւ նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում ներկայացված ես լինում այդ մարմնում»: Ի դեպ, ՀՅԴ-ն 2009թ. չհաղթահարեց նվազագույն անցողիկ շեմը: Այն ժամանակ ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորում էր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ում հակված են, որ այս անգամ ցուցակը գլխավորի ոչ թե Մինասյանը, այլ ուրիշ մարդ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, ապա այս ուժը հիմա զբաղված է իր ներքին կազմակերպչական խնդիրներով. ինչպես հայտնի է մարտի 22-ին տեղի է ունենալու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց` ՀԱԿ-ում դեռ չեն սկսել քննարկել այս հարցը, հետեւաբար չունեն որեւէ որոշում. «Այս հարցին անդրադառնալու ժամանակ դեռ կա»:
Միակ կուսակցությունը ՀՀԿ-ն է, որն արդեն որոշել է, թե ով է գլխավորելու ավագանու ցուցակը: Նախօրեին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որոշում է կայացվել, որ ցուցակի առաջին համարը լինելու է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տ. Մարգարյանի հանդեպ ՀՀԿ ներսում լուրջ դժգոհություն կա, եւ մինչեւ այդ նիստը, ներքին դիմադրություն է եղել: Բանն այն է, որ Տ. Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում ցանկանում են տեսնել միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու մի քանի հին ՀՀԿ-ական, այն էլ` հարգելով Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: Իսկ շատ ՀՀԿ-ականներ կտրականապես դեմ են եղել Մարգարյանի թեկնածությանը. շատերի հանդեպ ոչ նորմալ վերաբերմունքի պատճառով նրա դեմ լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Տ. Մարգարյանի հանդեպ դժգոհությունը ՀՀԿ-ում կրկնապատկվել է նախագահի ընտրությունների պատճառով, երբ քաղաքապետը քարոզարշավի ընթացքում 150 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերի մասին սուտ հայտարարություններով անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին, այնուհետեւ նրա կոորդինացրած տարածքներում` Ավանում եւ Արաբկիրում (այստեղի թաղապետը նրա ընկերն է), Ս. Սարգսյանը ընտրությունների արդյունքում խայտառակ պարտություն կրեց: Ասում են` այդ ամենից հետո Մարգարյանը մի քանի օր անգամ աշխատանքի չի ներկայացել, իսկ իր շրջապատին արգելել է որեւէ բառ ասել այդ մասին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց լուրերը, թե ՀՀԿ ներսում Մարգարյանի հանդեպ դժգոհություն կա: Ըստ նրա` ՀՀԿ ԳՄ-ում Մարգարյանի թեկնածությանը միաձայն կողմ են քվեարկել: «Կարող է պատերի տակ խոսակցություններ լինեն, բոլոր տեղերում էլ նման բան կա, բայց որոշում կայացնողը ՀՀԿ ԳՄ-ն է, եւ բոլորն էլ դրական են քվեարկել այդ հարցում»,-ասաց նա:
Հ. Գ. Երեկ ՕԵԿ-ը հրապարակեց իր ավագանու ընտրացուցակի առաջին 3 համարները՝ Արմեն Երիցյան, Հովհաննես Շահինյան եւ Սոֆյա Արթենյան: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին համարը զուտ ներկայացուցչական իմաստ ունի. Երեւանի փոխքաղաքապետ կդառնա Հովհաննես Շահինյանը, եթե, իհարկե, ՕԵԿ-ը հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի արգելքը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս